16/02/2023 19:52
Հորմոններ, որոնք խոչընդոտում են մարմնի զանգվածի բալանսավորմանը
Ավելորդ քաշի պատճառը երբեմն ոչ թե շատ սնվելը կամ ֆիզիկապես ակտիվ չլինելն է, այլ նյութափոխանակության խանգարումները և հորմոնալ դիսբալանսը:
Հորմոնների ազդեցությունն օրգանիզմի վրա արտահայտվում է մետաբոլիզմի արագությամբ, ախորժակի առկայությամբ, քաշի ավելացմամբ կամ նվազեցմամբ և այլն։
Սեփական նախաձեռնությամբ տարատեսակ սննդակարգերի հետևելուց առաջ անհրաժեշտ է էնդոկրինոլոգին այցելել:
Հորմոններ, որոնք խանգարում են նիհարելուն.
Լեպտին. Լեպտինն այլ կերպ անվանում են հագեցվածության հորմոն, որն արտադրվում է օրգանիզմի ճարպային հյուսվածքների բջիջների կողմից:
Դրա հիմնական ֆունկցիան կայանում է նրանում, որ այն ուղեղին է հասցնում մարդու՝ հագեցված լինելու զգացողությունը: Եթե սննդակարգը չափից շատ ֆրուկտոզա է պարունակում, օրգանիզմը դրանք վերածում է ճարպային կուտակումների: Սա հանգեցնում է լեպտինի ավելցուկի, որը ժամանակի ընթացքում առաջացնում է այս հորմոնի նկատմամբ դիմացկունություն: Արդյունքում օրգանիզմը չի «հասկանում»՝ քաղցած եք, թե ոչ, ինչի հետևանքով շարունակում եք ուտել և քաշ հավաքել:
Լեպտինի հավասարակշռության համար, առաջին հերթին, պատասխանատու է առողջ քունը: Քնի պակասից այս հորմոնի մակարդակն ընկնում է, ինչի հետևանքով ուտելուց հետո հագեցվածության զգացողություն չեք ունենում:
Պետք է նաև սննդակարգում ներառել օմեգա 3-ով հարուստ մթերք՝ ձուկ, միս, չիայի սերմեր: Աշխատեք ավելի քիչ ֆրուկտոզա օգտագործել և զբաղվել սպորտով:
Ինսուլին. Ինսուլինն արտադրվում է ենթաստամոքսային գեղձի կողմից և օգնում է կարգավորել գլկուկոզայի (արյան մեջ շաքարի) մակարդակը:
Ինսուլինի դիսբալանսի արդյունքում նիհարելը դժվարանում է: Եթե օրվա ընթացքում չարաշահում եք քաղցրը, ստիպում եք այս հորմոնին աշխատել գերլարված: Փորձելով արյունը մաքրել շաքարի ավելցուկից, ինսուլինն այն վերածում է ճարպի:
Պետք է սննդակարգից հանել քաղցրը, օգտագործել ավելի շատ սպիտակուցներ, լոբազգիներ, օսլա չպարունակող բանջարեղեն:
Կորտիզոլ. Կորտիզոլը սթրեսի հորմոնն է: Այն պատասխանատու է սթրեսային իրավիճակներում մեր վարքագծի կարգավորման համար: Եթե չափից շատ եք սթրեսի ենթարկվում, դա կարող է նպաստել օրգանիզմում կորտիզոլի կուտակմանը:
Աշխատեք օրական գոնե 7-ժամյա քնի ռեժիմ պահպանել: Ձեր սննդակարգում ներառեք մթերք, որը պարունակում է տրիպտոֆան և մելատոնին՝ կաթնաշոռ, հնդկահավ, կիվի, բալ: Ավելի քիչ կոֆեին օգտագործեք և քնելուց գոնե 2 ժամ առաջ հրաժարվեք գաջեթներից:
Վահանաձև գեղձի հորմոններ. Վահանաձև գեղձի հորմոնները՝ Т3 և Т4-ը, նույնպես պատասխանատու են մարմնի զանգվածի ավելացման կամ նվազեցման համար՝ կարգավորելով նյութափոխանակության արագությունը:
Այս հորմոնների պակասը՝ հիպոթիրեոզը, կարող է դանդաղեցնել մետաբոլիզմը, և, որպես հետևանք, քաշը կավելանա: Սա նաև կարող է ուղեկցվել մշտական հոգնածությամբ և մարսողական այլ խնդիրներով:
Վահանաձեւ գեղձի հորմոնների մակարդակն ավելացնելու համար պետք է շատ սպիտակուց ուտել, սննդակարգում ներառել բրոկոլի, սպանախ, կաղամբ: Աշխատեք ավելի շատ արևի տակ գտնվել և հեռու մնալ սթրեսային իրավիճակներից:
Էստրոգեն. Էստրոգենը կանանց սեռական հորմոնն է: Դաշտանադադարի ընթացքում քաշի ավելացման և էստրոգենի միջև խորը կապ կա: Այդ ընթացքում կնոջ օրգանիզմում հորմոնների մակարդակն ընկնում է, և, չնայած էստրոգենի ցածր մակարդակին, դրա դոմինանտությունը պրոգեստերոնի նկատմամբ կարող է նպաստել որովայնի հատվածում ճարպի կուտակմանը:
Էստրոգենի և պրոգեստերոնի միջև հավասարակշռությունը պահելու համար մասնագետները խորհուրդ են տալիս օգտագործել բջջանյութով հարուստ բանջարեղեն: Բացի այդ, աշխատեք ավելի քիչ կարմիր միս և շաքար պարունակող մթերք ուտել և ավելի շատ սպորտով զբաղվել:
Կարևոր է հորմոնների մակարդակը որոշել արյան հետազոտության միջոցով, որը պետք է նշանակի էնդոկրինոլոգը:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։