16/02/2023 21:00
Առավոտյա՞ն, երեկոյա՞ն, թե՞ գիշերը. Ե՞րբ զբաղվել սպորտով
Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են մարզվելիս առավելագույն արդյունքներ գրանցել, հաճախ են մտորում, թե օրվա որ ժամանակահատվածն է առավել նպաստավոր մարզումերի և գեղեցիկ կազմվածք ձեռք բերելու համար։
Պատասխանը կախված է բազմաթիվ գործոններից՝ առօրյայից, սննդակարգից, սովորություններից և այլն։
Առաջին հերթին, արժե ուշադրություն դարձնել , թե ինչպիսին է ցիրկադային ռիթմը: Այդ ռիթմերը մեր մարմնի ներքին վիճակներն են, որոնք օրվա ընթացքում փոխակերպվում են։ Օրինակ, հայտնի է, որ մարմնի ջերմաստիճանը տատանվում է՝ առավոտյան 36°C-ից մինչև գիշերը 37°C: Բացի այդ, արյան մեջ կորտիզոլի մակարդակը նույնպես տատանվում է։ Սա հորմոն է, որը մոբիլիզացնում է մարմնի ուժերը սթրեսի կամ ծանրաբեռնվածության ժամանակ: Դրա տեմպը, ընդհակառակը, նվազում է երեկոյան ժամերին։
Այս և շատ այլ ցուցանիշներ՝ ճնշման, սրտի զարկերի տատանումները, ազդում են մեր արդյունավետության վրա օրվա տարբեր ժամերին, և ըստ ցիրկադային ռիթմերի՝ մարդիկ բաժանվում են «բուերի» և «արտույտների»:
Առավոտյան մարզումները հիանալի են վաղ արթնացողների համար: Այդ ժամանակ մեր մարմինը պատրաստվում է օրվա ծանրաբեռնվածությանը:
Պետք է հիշել նաև, որ առողջ և խորը քնի համար ֆիզիկական վարժություններ պետք է կատարել քնելուց առնվազն 2 ժամ առաջ։
Գրասենյակային աշխատողները, որոնք նստակյաց կյանք են վարում, կարող են «մարզական ընդմիջումներ» կազմակերպել աշխատանքային օրվա կեսին։
Մասնագետները հորդորում են չմարզվել ընթրիքից անմիջապես հետո, քանի որ մոտ երկու ժամ է հարկավոր սնունդը մարսելու համար։
Հաճախ «բուերի» օրգանիզմներում այս ամենը հակառակ կերպով է գործում։ Օրինակ՝ երեկոյան մարմնի ջերմաստիճանը նվազում է, ինչի արդյունքում աշխատունակությունը մեծանում է, և շատերը սիրում են սպորտով զբաղվել օրվա հենց այդ ժամանակահատվածում։
Երեկոյան մարզումները հիանալի են յոգայի, թեթև աերոբիկայի և ձգումների համատեղությամբ։
Նման մարզումների համար ամենահարմարն է համարվում ժամը 16։00-ից հետո ընկած ժամանակահատվածը։ Այս ժամերին մեր տոկունությունը մեծ է, և մկանները ավելի լավ են տաքանում:
Բժիշկները, մարզիչները և պրոֆեսիոնալ մարզիկները խնդիր չեն տեսնում գիշերային մարզումների մեջ, ինչը նշանակում է, որ կարելի է օգտվել նաև այդ հնարավորությունից՝ հետագայում բալանսավորելով քնի ռեժիմը:
Օրվա այս ժամանակահատվածը նաև տեստոստերոնի արտազատմանը հետևելու լավ միջոց է, տեստոստերոնը պատասխանատու է ոչ միայն լիբիդոյի, այլև ֆիզիկական ակտիվության համար։
Անկախ նրանից, թե օրվա որ ժամը կընտրեք, կարևոր է մարզումները վդարձնել առօրյայի կարևոր և բաղկացուցիչ մաս՝ ամրապնդելով առողջությունն ու բարձրացնելով կյանքի որակը։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։