16/02/2023 18:51
ԱՀԿ-ն «խաղային խանգարումը» դասակարգել է որպես հոգեկան առողջության խնդիր
Բազմաթիվ երեխաների, երիտասարդների և որոշ չափահաս մարդկանց առօրյա կյանքի անբաժանելի մասը դարձած տեսախաղերը սպառնում են դառնալ հոգեկան առողջության լուրջ խնդիր:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հրապարակված Հիվանդությունների միջազգային դասակարգիչի 11-րդ խմբագրման մեջ հոգեկան առողջության խնդիրների բաժնում տեղ է գտել նաև «խաղային խանգարում» ախտորոշումը: «Խաղն» առաջին հերթին վերաբերվում է բջջային հեռախոսներում, համակարգիչներում և ինտերնետում առկա խաղային հավելվածներին:
ԱՀԿ-ն երևույթը մեկնաբանել է ոչ թե որպես նախադեպ, այլ աշխարհի բնակչության շրջանում առկա միտումների և զարգացումների արձանագրում:
Խաղային խանգարման հիմնական ախտորոշիչ բնութագրումներն են՝
անձի խաղային վարքը սկսում է գերիշխել այլ գործառույթների վրա՝ դրանք մղելով երկրորդային պլան,
խանգարվում է անձի վերահսկողությունը սեփական խաղային վարքի նկատմամբ, ինչը նշանակում է, որ նույնիսկ ակնհայտ բացասական հետևանքների առկայության պայմաններում խաղային վարքը շարունակվում է և կարող է ավելի խորանալ,
նման վիճակը մարդու մոտ առաջանցում է զգալի դիսթրես և հանգեցնում անձնական, ընտանեկան, հանրային, կրթական կամ աշխատանքային գործունեության ու փոխհարաբերությունների խանգարման:
«Խաղային խանգարում» ախտորոշումը հաստատելու համար անհրաժեշտ է, որպեսզի վարքային բացասական ազդեցությունները շարունակվեն առնվազն 1 տարի։
Հոգեբաններն այն կարծիքին են, որ «խաղային խանգարումն», ըստ էության, ոչ այլ ինչ է, եթե ոչ կախվածության առանձին տեսակ՝ «խաղային հերոին», որը կարող է հասցնել վարքագծային կպչուն-սևեռուն խանգարման և ունենալ ինչպես հոգեկան, այնպես էլ սոցիալական բացասական հետևանքներ:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։