16/02/2023 09:33
«Հրապարակ». Արցախում ներքաղաքական կյանքը չի խաղաղվում
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախում ներքաղաքական կյանքը չի խաղաղվում։ Առաջիկայում կադրային փոփոխություններ կլինեն։ Ինչպեսև գրել էինք՝ Ռուբեն Վարդանյանի հեռացումն անխուսափելի է։ Դրան հավանություն է տվել նաև ռուսական կողմը՝ առաջարկելով, որ արցախցիներն իրենք գտնեն հանգուցալուծումը։ Արցախի իշխանությունները և քաղաքական ուժերը, ի տարբերություն ՀՀ իշխանությունների, նախընտրում են կոմպրոմիսային լուծումները և կոնսենսուսը, այլ ոչ թե ավելորդ առճակատումը։ Դա է պատճառը, որ քննարկվում է խաղաղ հանգուցալուծման տարբերակը և սահմանադրական փոփոխությունների հարցը։ Բանն այն է, որ Սահմանադրությունը գլոբալ փոփոխությունների ենթարկելու համար պետք է սահմանադրական հանրաքվե կազմակերպել, ինչը բարդ է և դժվար իրականանալի այս պահին։
Ընտրությունների կազմակերպումն էլ կարող է հարթ չընթանալ։ Սակայն բոլորը հասկանում են, որ Արցախի կյանքը չի կարող կախված լինել մեկ անձից՝ նախագահից, որի հրաժարականը կամ անսպասելի մահը կարող է փաստի առաջ կանգնեցնել երկիրը։ Գործող Սահմանադրությամբ՝ Արցախի նախագահի հեռանալու դեպքում երկրի ղեկը ստանձնում է ԱԺ նախագահը, որը 1 ամսվա ընթացքում պետք է ընտրություն կազմակերպի, սակայն չունի երկիրը կառավարելու գործառույթ, ասենք՝ չի կարող պետնախարար կամ կառավարություն նշանակել և այլն։ Արցախում որոշել են փոխել այս դրույթը՝ առանց հանրաքվեի, խորհրդարանում Սահմանադրության անցումային դրույթ ընդունելով, որով Արցախի նախագահին կարող է ընտրել խորհրդարանը՝ պատգամավորների ձայների երկու երրորդով»։