16/02/2023 16:56
«Միջազգային համայնքը չի կարող անտարբեր մնալ մարդկային այս ահավոր ողբերգության նկատմամբ»․ Արամ Առաջինը կոչ է արել չեղարկել Սիրիայի նկատմամբ սահմանված պատժամիջոցները
Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջինը Հալեպ կատարած հովվապետական այցի ընթացքում լրատվամիջոցների համար հանդես է եկել հայտարարությամբ, գրում է Սիրիայում լույս տեսնող հայլկական «Գանձասար» պարբերականը։
Արամ Առաջինը նշել է, որ իր համար միշտ հատուկ ուրախություն է լինել Սիրիայում, մի երկրում, որը Ցեղասպանությունից հետո ընդունել է ջարդերից փրկված հայ ժողովրդի զավակներին և իր հողը, հացն ու ջուրը կիսել նրանց հետ։
«Աշխարհով մեկ սփռված մեր ժողովրդի զավակները երբեք չեն մոռանա Սիրիայի ժողովրդի ցուցաբերած սերը, վստահությունն ու զորակցությունը հայ ժողովրդի նկատմամբ։
Այսօր, սակայն, վշտաբեկ սրտով ու ցավով եմ այցելել Սիրիա և ականջալուր ու ակատես եմ երկրաշարժի հետևանքով ահավոր ավերածություններին ու մարդկային զոհերին, ինչպես նաև անտուն մնացած բազմաթիվ ընտանիքներին։ Ահավոր ողբերգության մեջ է այսօր գտնվում Սիրիան։ Երկրաշարժի ծանր հետևանքները կարող են ավելի ծավալվել, եթե շուտափույթ միջոցներ չձեռնարկվեն։
Հետևաբար, միջազգային համայնքը չի կարող անտարբեր մնալ մարդկային այս ահավոր ողբերգության նկատմամբ։ Նման իրավիճակում անհրաժեշտ է մի կողմ դնել քաղաքական մոտեցումներն ու դիրքորոշումները և որպես մարդկային նույն ընտանիքին պատկանող անձեր ու ազգեր, անհրաժեշտ է իրար օգնել։ Ինչպես Աստվածաշնչում է ասվում՝ երբ մարմնի մի մասը ցավում է, ամբողջ մարմինն է ցավում (Ա.Կր 12.26)։ Այսօր միջազգային համայքն ու նրան պատկանող բոլորն ազգերն ու երկրները կոչված են օժանդակելու Սիրիային։
Արդ, իմ ձայնը միացնելով Սիրիայի եկեղեցիների հոգևոր պետերի հավաքական ձայնին՝ կոչ եմ ուղղում միջազգային համայնքին՝ վերջ տալու Սիրիայի դեմ հաստատված պատժամիջոցներին և շուտափույթ օժանդակելու Սիրիայի ժողովրդին, որպեսզի տնտեսական վատ վիճակում գտնվող սիրիացի ժողովուրդը կարողանա դուրս գալ ներկա ահավոր վիճակից»,- ասել է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը։