16/02/2023 11:17
Լեռնային Ղարաբաղում հայերի ցեղասպանության սպառնալիքի ահազանգն ամբողջ աշխարհում ամեն օրվա հետ պետք է ավելի ու ավելի ահագնանա. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)
Կառավարության այսօրվա նիստը վարչապետ Նիկոլ Փաշինյանը սկսեց Լաչինի միջանցքի թեմայով։ Ասաց՝ երեկ Ադրբեջանը վերականգնել է ԼՂ բնական գազի մատակարարումը, բայց երկու ժամ անց՝ կրկին փակել։
«Լաչինի միջանցքի ապօրինի շրփաջակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ էր սկսվել, էներգետիկ բլոկադայի հետևանքով ճգնաժամը սրվում է, զուգահեռ ծավալվում է բնապահպանական ճգնաժամ, որովհետև ԼՂ բնակչությունը կարիքների համար ստիպված է փայտ օգտագործել, ինչի համար անտառներ են հատվում», - ասաց նա։
Վարչապետի խոսքով՝ Լաչինի միջանցքի շրջափակման բնապահպանական մոտիվները մտացածին են ու Ադրբեջանի գործողություններն ունեն մեկ նպատակ՝ ավարտին հասցնել ԼՂ հայությանը էթնիկ զտման ենթարկելու քաղաքականությունը։
«Եթե մինչև հիմա միջազգային հանրությունը թերահավատորեն էր վերաբերվում մեր այս պնդմանը, հիմա սա ավելի ու ավելի ակնհայտ է դառնում, պատահական չէ, որ «Լեմկինի» միջազգային ինստիտուտը Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման ու Ադրբեջանի ղեկավարության հռետորաբանության վերաբերյալ վերջին երեք ամսում 3 անգամ հայտարարությամբ է հանդես եկել, իսկ վերջին հայտարարության մեջ ինստիտուտը համաշխարհային առաջնորդներին խնդրում է լրջորեն վերաբերվել Լեռնային Ղարաբաղում հայերի ցեղասպանության սպառնալիքին։ Այս ահազանգն ամբողջ աշխարհում ամեն օրվա հետ պետք է ավելի ու ավելի ահագնանա ու այս ուղղությամբ ջանքերի գործադրումը պետք է լինի շարունակական», - ընդգծեց վարչապետը։