16/02/2023 18:27
Արցախյան շարժումը հայ ժողովրդի պատմության վերջին շրջանի նշանակալից իրադարձությունն է․ Կամո Աթայան
Մեր ժողովրդի պատմությունն իրոք դառն է՝ լի մաքառումներով։ Պատմության քառուղիներում հայ ժողովրդի վարած գոյամարտերի շնորհիվ է, որ հասել ենք 21-րդ դար…
Վերջին հարյուրամյակի կտրվածքով մեր պատմության համար օբյեկտիվ կլինի առանձնացնել հետևյալ բախտորոշ և ճակատագրական իրադարձությունները՝ Սարդարապատի գոյամարտ, Առաջին հանրապետության հռչակում, 1988-ի արցախյան շարժման մեկնարկ, Երրորդ հանրապետության հռչակում, Արցախի Հանրապետության հռչակում…
Արցախյան շարժումը իսկական ժողովրդական` բնույթով ազատագրական շարժում էր, մեծ իմաստով դրա հեղինակը ժողովուրդն է (առանց նսեմացնելու կազմակերպիչների դերը), արմատները հասնում են անցած դարի 20-ական թվականներ, երբ կուսակցական մարմնի կողմից կայացրած սխալ, հակահայ որոշմամբ՝ ձևով ու բովանդակությամբ հայկական երկրամասը բռնակցվեց Ադրբեջանին:
Նախկին խորհրդային հանրապետությունները հիմնականում անկախացել են « վերևից», երբ փլուզվեց ԽՍՀՄ-ը, իսկ ահա Հայկական երկրորդ հանրապետության՝ Արցախի անկախության համար հայ ժողովուրդը մեծ գին վճարեց, հազարավոր հայորդիների կյանքի գնով ստեղծեց իր հպարտության և արժանապատվության երկիրը՝ Արցախի Հանրապետությունը, որն ինքնորոշվելով և միանալով նորանկախ Հայաստանի Հանրապետությանը՝ պիտի դառնար մեր երազանքների Հայաստանը…
Այդ ամենը սկսվեց 35 տարի առաջ, փետրվարյան այս օրերին ․․․
Հայ ժողովրդի վերածունդը լինելու է, վերջին տարիների պարտությունները հիմնականում մեր հին ու նոր սխալների արդյունք են, ու դրանց շտկողները, նոր հաղթանակի կերտողները մենք ենք լինելու:
Արցախյան ազգային ազատագրական պայքարը նոր ու ճակատագրական փուլ է թևակոխել՝ լի վտանգներով, մարտահրավերներով։ Այն պահանջում է հայոց եռամիասնության ծրագրային, մտածված ու նպատակային համատեղ գործողություններ, որոնք գոյաբանական բնույթի են:
Ճշմարտությունն ակնհայտ է՝ հայ ժողովուրդը, Հայաստանը առանց Արցախի չի կարող ապրել ու հավերժել: Ուրեմն մենք ազգովին քաղաքական, բարոյական արժեզրկման այս հորձանուտից, անասելի երկար այս մղձավանջից պետք է մաքրված դուրս գանք, արժևորենք , վերաիմաստավորենք ազգայինը ու վերստին, այս էլ որերորդ անգամ, սկսենք կառուցել մեր տուն ամրոցը, Մեր Հայաստանը…
Հ.Գ. Ճիշտ ու տեղին կլինի այս օրերին, ինչպես 35 տարի առաջ Ստեփանակերտում և Երևանում էր, համաժողովրդական բազմահազարանոց հավաքներով նշանավորել մեր շարունակվող պայքարը, որը և՛ ազգի պայքարելու ոգին կբարձրացնի, և՛ հզոր ազդակ կլինի ավելի քան երկու ամիս շրջափակման ճիրաններում գտնվող Արցախի խնդիրը կրկին բարձրաձայնելու, շրջափակումը վերացնելու և այդ խնդրով ստեղծված միակ իրավական հարթակը՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը աշխատացնելու համար: