16/02/2023 10:09
«Ժողովուրդ». Գլխավոր դատախազությունը դատարանում արդեն 5 անգամ փոխել է ԱԱԾ նախկին պաշտոնյայի նկատմամբ հարուցված գործի հայցի հիմքն ու առարկան
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԱԾ հակահետախուզության դեպարտամենտի իրավապահ համակարգի սպասարկման և վերահսկման բաժնի նախկին պետ Սերոբ Հարությունյանի ապօրինի ծագում ունեցող գույքի գործով ուշագրավ իրավիճակ է ստեղծվել: Ժողովուրդ օրաթերթը տեղեկացավ, որ Գլխավոր դատախազությունը դատարանում արդեն 5 անգամ փոխել է հայցի հիմքն ու առարկան: Այսինքն՝ չի կողմնորոշվում, թե ի վերջո ինչ է ուզում ԱԱԾ նախկին պաշտոնյայից:
Ի դեպզ 2020 թվականին Գլխավոր դատախազությունում ձևավորված ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության առաջին գործը Սերոբ Հարությունյանի գործն էր, որը ավարտին հասցվեց ու ուղարկվեց դատարան ու հիմա այնտեղ փլվում է:
Նկատենք,որ Սերոբ Հարությունյանի դեմ արշավը սկսվեց այն ժամանակ, երբ Նախկին պաշտոնյան, որ 2020-ին ղեկավարում էր ԱԱԾ հակահետախուզության դեպարտամենտի իրավապահ համակարգի սպասարկման և վերահսկման բաժինը, իբրև թե արտահոսք էր ապահովել Սուրեն Պապիկյանի անձնական կյանքի գաղտնիք համարվող տեղեկությունը:
Հիշեցնենք, որ մամուլը գրեց՝ այսօրվա ՊՆ Պապիկյանը զինծառայության տարիներին սպա է ծեծել և դատապարտվել:
Հատուկ քննչական ծառայության կողմից Հարությունյանը մեղադրվեց ոչ հանրամատչելի տեղեկությունն ապօրինի հավաքելու, պահելու և այդ տեղեկությունն այլ անձի կողմից ապօրինի տարածելու գործով։
Ըստ իրավապահների, գնդապետը ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի քարտադարանից` առանց ցուցման և հիմքի, ստուգել և ստացել է Սուրեն Պապիկյանի դատվածության վերաբերյալ տեղեկանքը»։