16/02/2023 10:29
«Ժողովուրդ». «Հրդեհային անվտանգության մասին» օրենքում փոփոխություններ կարվեն
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Հրդեհային անվտանգության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կարվեն: Մասնավորապես, Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինն ունենալու է նոր գործառույթներ:
Այսպես, հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների այն խախտումների դեպքում, որոնք անմիջականորեն և ուղղակի սպառնալիք են ստեղծում է առաջացման և մարդկանց անվտանգության համար, մարմինը կարող է ամբողջովին կամ մասնակիորեն դադարեցնել կազմակերպությունների, արտադրական տեղամասերի, առանձին ագրեգատների աշխատանքը, ամբողջովին կամ մասնակիորեն դադարեցնել շենքերի, շինությունների շինարարության, վերակառուցման, վերականգնման, ուժեղացման, արդիականացման աշխատանքները և ամբողջովին կամ մասնակիորեն դադարեցնել շենքերի, շինությունների և այլ օբյեկտերի շահագործումը։ Հրդեհային անվտանգության պահանջների խախտման համար տեսչական մարմինը, օրենսդրությամբ սահմանված կարգով, կիրառելու է պատասխանատվության միջոցներ: Միևնույն ժամանակ, տեսչական մարմնի ղեկավարի կողմից ընդունվող վարչական ակտի հիման վրա, նրանք կարող են կապարակնքել (կնքել) առանձին ագրեգատ, շենք, շինություն կամ այլ օբյեկտ։
Հավելենք, որ այս նախագիծը վարչապետի աշխատակազմի կողմից երեկ ներկայացվել է հանրային քննարկման: Թերևս սա պայմանավորված է վերջին շրջանի հրդեհներով, որոնք առաջանում են վատ կառավարման և կանոնները չպահպանելու հետևանքով»։