16/02/2023 09:45
«Հրապարակ». Գյումրու փոխքաղաքապետ Արթուր Պապիկյանը մեկ միլիոն դոլարից ավելի սպառողական վարկ է ստացել
«Հրապարակ» թերթը գրում է. «Գյումրու փոխքաղաքապետ Արթուր Պապիկյանի՝ 2021 թ․ հայտարարագրից պարզ է դառնում, որ պաշտոնյան 500 մլն դրամից ավելի՝ մեկ միլիոն դոլարից ավելի, սպառողական վարկ է ստացել, այն դեպքում, երբ չունի անշարժ գույք։ Եթե անգամ ունենար, ապա դրա գրավադրմամբ չէր կարող նման վարկ ստանալ։ Թե ինչպես, և որ բանկն է Պապիկյանին նման վարկ տրամադրել, հայտնի չէ։ Ի դեպ, բանկային գործի մասնագետներն ասում են, որ սպառողական վարկ կարող են տրամադրել 10, առավելագույնը՝ 20 հազար դոլարի սահմաններում։ Անգամ նման չափի բիզնես-վարկերն են ընտրողաբար տրամադրում՝ փորձառու, կայացած և կապիտալ ունեցող բիզնեսմեններին։
Նշենք, որ Պապիկյանը պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հորեղբոր թոռն է, տեղացիների շրջանում խոսում են, որ փոխքաղաքապետի ընտանիքը նախկին լքված զորամասերից մեկի տարածքում մեծ անասնագոմ է հիմնել և այդ բիզնեսով է զբաղվում»։