17/02/2023 09:28
«Ժողովուրդ». Ընդդիմադիրների համար էլ է առեղծված ՔՊ-ականների հատուկ վերաբերմունքը Արմեն Գևորգյանի նկատմամբ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այն, որ Հայաստանում իշխանական ու ընդդիմադիր պատգամավորների հարաբերությունները խիստ բևեռացված են, գաղտնիք չէ: Այն նույնիսկ նկատվեց ԱԺ դահլիճում միմյանց վրա նետված շշերի և հրահրված ծեծկռտուքի ժամանակ: Թշնամանքը ակնհայտ է. անգամ ԱԺ միջանցքներով քայլելիս միմյանց չեն բարևում:
Հազվադեպ կտեսնես, որ ՔՊ-ականները, օրինակ, քայլեն այն հատվածներով, որտեղ ընդիմադիրների աշխատասենյակներն են, կամ էլ՝ հակառակը:
Իշխանությունը տարբեր երևակայելի ու աներևակայելի միջոցներ է հորինում, որպեսզի չեզոքացնի ընդդիմադիրներին, որոնք դաժան քննադատում են ՔՊ-ին: Իսկ, ահա, երբ Նիկոլ Փաշինյանն է գալիս խորհրդարան՝ ԱԺ-ի հետ հարցուպատասխանի, խորհրդարանը վերածվում է հատուկ պահպանվող տարածքի, որտեղ ամենուր զինված համազգեստավորներ են: Հետաքրքիր է, որ այս ֆոնին ՔՊ-ականները ընդգծված լավ վերաբերմունք ունեն «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանի նկատմամբ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՔՊ-ականներից ոմանք հաճախ են որևէ իրադարձություն քննարկում Գևորգյանի հետ, նրա կարծիքը հարցնում:
Անգամ ընդդիմադիրների համար է առեղծված ՔՊ-ականների այս հատուկ վերաբերմունքը Արմեն Գևորգյանի նկատմամբ:
Իշխանականների այս բարյացակամ վերաբերմունքը թերևս կարելի է բացատրել նրանով, որ Արմեն Գևորգյանը հիմականում չի խառնվում իշխանություն-ընդդիմադիր գզվռտոցին, զուսպ է իր ելույթներում, ԱԺ-ում ելույթ է ունենում հազվադեպ, այն էլ՝ խոսում բացառապես բուն թեմայից ու չի քննադատում իշխանություններին»։