17/02/2023 18:25
Փաշինյանը գնացել է ոչ ֆորմալ հանդիպումներում եվրոպացիներին համոզելու, որ իրեն և իր տխրահռչակ իշխանությունը չզոհաբերեն․ Զաքարյան
Հրապարակային տիրույթում տարբեր մարդիկ հարցեր են բարձրացնում, թե ինչո՞ւ Նիկոլը չի մասնակցելու Մյունխենում վաղը տեղի ունենալիք «Անվտանգության ապահովումը Հարավային Կովկասում» խորագրով քննարկմանը, գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը։
«Հարցադրումը տեղին է և արդար: Հարևան երկու երկրների ղեկավարները կան, իսկ Նիկոլը չկա: Ինչու՞ է գնացել, եթե մեզ վերաբերող անվտանգային հարցերի քննարկմանը չի մասնակցելու:
Իմ կարծիքով, նա չի ցանկացել մասնակցել պանելային քննարկմանը մի քանի պատճառներով. նախ՝ սեփական երկրի ու տարածաշրջանի անվտանգության առումով ասելիք չունի:
Երկրորդը` վախենում է, որ Ալիևի հետ դեբատներում, իր ներկայությամբ կրկին կխոսվի ու ամբողջ աշխարհին պարզ կդառնա, որ Նիկոլը տվել է համաձայնություն` Արցախն ամբողջովին Ադրբեջանի կազմ հանձնելուն: Չմասնակցելով` նա կամ իր ԱԳՆ-ն հետո կհերքեն և կասեն, որ Ալիևը ճիշտ չի ասում: Իսկ Ալիևի ներկայությամբ, ամենայն հավանականությամբ, չի կարողանում նման բան ասել:
Երրորդը` Հարավային Կովկասի անվտանգության համատեքստում ստիպված չի լինի լսել թեմատիկ քննարկում, որտեղ, հավանաբար, կխոսվի նաև հայ-թուրքական «գործընթացի» ստորացուցիչ պայմանների և դրա հետևանքների մասին:
Չորրորդը` Նիկոլը վախենում է անատամ հայտարարություններ անել մի միջավայրում (Մյունխենի համաժողով), որն ի սկզբանե թշնամաբար է տրամադրված Ռուսաստանի և Իրանի դեմ:
Եվ հինգերորդը` ինչպե՞ս է ձևակերպելու Քաշաթաղի (Լաչինի) ճանապարհի փակ լինելը, որը նաև տարածաշրջանի անվտանգության սպառնալիքի հարց է: Հո կրկին չի ասելու՝ ռուսներն են մեղավոր, այնպես, ինչպես ներքին լսարանի համար է ասում:
Հիմա հարց կտաք՝ այդ դեպքում ինչո՞ւ է գնացել Մյունխեն:
Կարծում եմ՝ գնացել է ոչ ֆորմալ հանդիպումներում եվրոպացիներին համոզելու, որ Ռուսաստանի դեմ հակամարտության հետագա էսկալացիայում իրեն և իր տխրահռչակ իշխանությանը եվրոպացիները չզոհաբերեն: Փոխարենը` պատրաստ է համաձայնվել արևմուտքի ցանկացած պահանջ-առաջարկի` ի հաշիվ Հայաստանի և Արցախի անվտանգության ու սուբյեկտայնության»,- սոցցանցի իր էջում գրել է Արտակ Զաքարյանը: