17/02/2023 21:15
Չենք հանձնվելու և պայքարելու ենք հայրենի հողում ապրելու համար․ Սրբուհի Սիմոնյան
Շարունակվող շրջափակման մեջ առաջ եկած խնդիրները չեն շրջանցում նաև Արցախի երիտասարդ ընտանիքներին։
Մեզ հյուրընկալած ընտանիքը բնակվում է Ստեփանակերտում։
Մեր հերոսուհին՝ 7 ամսական Անգելինայի մայրը՝ Սրբուհի Սիմոնյանը, 44 օրյա պատերազմի հետևանքով Շահումյանի շրջանի Ծար համայքի տեղահանված ընտանիքի դուստր է։
Սրբուհին պատմում է, որ շրջափակման պատճառով առաջացած ոչ մարդկային՝ սննդի պակասի, էլեկտրաէներգիայի հաճախակի անջատումների, գազի անհասկանալի անջատումների, դեղորայքի իսպառ բացակայության պայմաններում, նաև, երբ նույնիսկ երեխայի համար տակդիրներ ձեռք բերելն է անհնար, կյանքի համար անհրաժեշտ միջոցներ չլինելու դեպքում, փորձում է չհուսահատվել և մեծացնել իր փոքրիկին:
«Իհարկե, փորձում ենք գոնե հոգեպես պինդ լինել, բայց որքան երկարում է այս իրավիճակը, այնքան ավելի դյուրագրգիռ ենք դառնում, դժվարությամբ ենք կարողանում վերահսկել մեր էմոցիաները, ինչը բացասաբար է ազդում մեր և մեզ շրջապատող մարդկանց վրա»,- ասում է նա։
Շրջափակման առաջին օրերին սնունդ հայթհայթելը գրեթե անհնարին էր:
«Մենք հիմնականում փորձում էինք հարազատների միջոցով, գյուղերում ապրող մեր բարեկամներից որոշակի մթերքներ ձեռք բերել, հիմնականում կարտոֆիլ, գազար, ճակնդեղ և ձու: Մեզ ոչ միշտ էր հաջողվում գտնել այդ մթերքները, իսկ բենզին ու հեղուկ գազ չլինելու պատճառով մեր կապը ընդհատվեց նաև գյուղում բնակվող մեր հարազատների հետ, ովքեր մեր միակ օգնողներն էի այդ պահին»,-պատմում է Սրբուհի Սիմոնյանը:
Նրա խոսքով՝ իրենց ընտանիքի համար առաջնային է երեխային անհրաժեշտ սնունդով ապահովելը: Հիմնականում տեղական արտադրանքով են փորձում լուծել երեխայի սննդի հարցը:
«Այսօր արդեն կարողանում ենք որոշակի քանակությամբ ապրանքատեսակներ ձեռք բերել, բայց հաճախ երկար ժամանակ հերթ կանգնելուց հետո նույնիսկ չի հաջողվում որևէ ապրանք գնել: Եղել են նաև դեպքեր, երբ երեխան գրկիս՝ մոտեցել եմ հերթին, և առանց որևէ խոչընդոտի ինձ հնարավորություն են տվել առանց հերթի գնումներ կատարել: Կարողացել ենք կտրոններով տրամադրվող ապրանքները ձեռք բերել: Եղել է դեպք,երբ մրգի հերթ կանգնելուց հետո չկարողացա գնել,բայց մեր հասարակությունում կան այնպիսի բարյացակամ մարդիկ, ովքեր իրենց գնածը կիսեցին ինձ հետ, հետո նաև մեր ընկերները երեխայի համար բերեցին անհրաժեշտ մրգերը: Մրգի, բանջարեղենի պակասի պատճառով ինքս չեմ կարողանում ստանալ անհրաժեշտ վիտամիններ, որպեսզի կարողանամ կրծքով կերակրելու միջոցով փոխանցել իմ բալիկին»,-մանրամասնում է մեր զրուցակիցը:
Սրբուհի Սիմոնյանը տեղեկացնում է նաև, որ մինչև էլեկտրաէներգիայի հովհարային անջատումները բնակարանը ջեռուցում էր էլեկտրական տաքացուցիչով, ինչն այսօր բավականին դժվարացել է, քանզի «ԱրցախԷներգո»-ն աշխատում է գերծանրաբեռնված ռեժիմով:
«Լույս չլինելու ժամանակ մեր միակ փրկությունը վերմակներով ծածկվելն է, ինչը 7 ամսական երեխայի պարագայում գրեթե անհնարին է: Ցանկանում էինք փայտե վառարան տեղադրել, բայց քանի որ բնակվում ենք վարձով, չենք կարող օգտվել այդ աջակցությունից: Երեխային լողացնելու համար ստիպված ենք էլեկտրական թեյնիկով առնվազն 5 անգամ ջուր տաքացնել, որ կարողանանք լողացնել»,-պատմում է փոքրիկի մայրը:
Սրբուհի Սիմոնյանն ասում է՝ չեն հանձնվելու և պայքարելու են հայրենի հողում ապրելու համար:
«Մենք չենք համակերպվելու այս վիճակին, փորձելու ենք անել ամեն ինչ, որ շուտ դուրս գանք այս իրավիճակից, ապրենք Արցախում և հզորացնենք մեր սուրբ հայրեիքը»,-շեշտում է նա։