17/02/2023 14:50
Համաշխարհային խոշորագույն զբոսաշրջային ցուցահանդեսներից մեկի կազմկոմիտեից Հայաստանին զգուշացրել են՝ չխոսել Ղարաբաղի մասին
Համաշխարհային խոշորագույն զբոսաշրջային ցուցահանդեսներից մեկի կազմկոմիտեից ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը զգուշացրել են, որ «քաղաքական բնույթի» որևէ նյութ, գրքույկ, ցուցանմուշ տուրիստական ցուցահանդեսին չներկայացվի։
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հրապարակել է նամակն ու որոշ մանրամասներ ներկայացրել։
Ըստ Աշոտյանի՝ նամակում հստակ նշված է, որ խոսքը գնում է Լեռնային Ղարաբաղի մասին։
«Մեզ փորձում են զրկել Արցախից բոլոր մակարդակներում, այդ թվում այսպիսի՝ զբոսաշրջային, մշակութային, մարդկային, տնտեսական և այլ հարթություններում»,- Facebook-ում գրել է Աշոտյանը։
Ի դեպ, նա նկատել է, որ այսպիսի նամակ ՀՀ-ն ստանում է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ Գերմանիա վերջերս կատարած այցից անմիջապես հետո։