17/02/2023 16:26
Հայ խորհրդարանականներն ու Բյորն Բերգեն քննարկել են Լաչինի միջանցքի շրջափակումը եւ ԼՂ-ում հումանիտար ճգնաժամը
Ազգային ժողովի փոխնախագահ, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը, պատվիրակության անդամները փետրվարի 17-ին հանդիպել են Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալ Բյորն Բերգեի հետ:
Ողջունելով հյուրին` Ռուբեն Ռուբինյանն արժեւորել է Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը եւ կառույցի աջակցությունը Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալն ընդգծել է ՀՀ-ԵԽ փոխգործակցության բարձր մակարդակը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ տարածաշրջանային խնդիրներ: Հայ խորհրդարանականները հյուրի ուշադրությունը հրավիրել են ավելի քան երկու ամիս Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակմանը եւ դրա հետեւանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին:
Անդրադարձ է կատարվել Հայաստանի համար Եվրոպայի խորհրդի 2023-2026 թվականների Գործողությունների ծրագրին:
Մտքեր են փոխանակվել նաեւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ:
Կողմերը վերահաստատել են իրենց հանձնառությունը շարունակելու մի շարք ուղղություններով արդյունավետ համագործակցությունը: