17/02/2023 09:36
«Ժողովուրդ». Մինչև տղաների ննջասենյակին կրակի հասնելը, մոտ 20 րոպե ժամանակ է եղել, ու այդ ընթացքում սպան գոռացել, աղաղակել է, որ հրդեհ է
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին որոշ մանրամասներ են հայտնի դարձել Ազատ գյուղի կացարանի հրդեհի ողբերգական դեպքով հարուցված գործի շրջանակներում սպա Եղիշե Հակոբյանի տված ցուցմունքից:
Մասնավորապես, սպան պատմել է, թե ինչպես է բռնկվել հրդեհը, որը այնքան էլ չի համապատասխանում Նիկոլ Փաշինյանի կողմից ՀՀ կառավարության նիստում նկարագրված մանրամասներին: Տեղեկացանք, որ սպան, որը երկար ժամանակ հրաժարվում էր ցուցմունք տալ, իրավապահներին հայտնել է, որ, այո, բենզինն ինքն է լցրել վառարանի մեջ, բայց անմիջապես կրակ չի բռնկվել, ինքը փոքր ուշ մոտեցել է վառարանին, որ տեսնի, թե ինչու կրակ չկա, ու այդ պահին վառարանից բոց է դուրս եկել: Կրակի պահից սպան բենզինի տարան դուրս է նետել, որի հետևանքով բենզինի մի մասը լցվել է դռան վրա ու դուռը բռնկվել է:
Ըստ սպայի խոսքերի՝ մինչև տղաների ննջասենյակին կրակը հասնելը մոտ 20 րոպե ժամանակ է եղել, ու այդ ընթացքում ինքը գոռացել, աղաղակել է, որ հրդեհ է: Սպան ցուցմունքում նշել է, որ իր հետ է եղել զինվորներից ևս մեկը՝ Լևոն անունով, և իրենք միասին են գոռացել, աղաղակել, սակայն ընդամենը երկու զինվոր է դուրս եկել հրդեհվող տնից…
Սպան հայտնել է, որ իր համար մինչև հիմա անհասկանալի է, թե ինչու մյուս զինվորները դուրս չեն եկել, չեն փախչել կացարանից: «Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն՝ քննիչը հարց է տվել սպային, թե նա տղաների հետ արդյոք կոնֆլիկտ ունեցել է. սպան պատասխանել է, որ զինվորներից որևէ մեկի հետ խնդիր չի ունեցել: Հիշեցնենք, որ ողբերգական դեպքը եղել է հունվարի 19-ին: Armlur.am-ի տեղեկությունների համաձայն՝ թմրաբանական փորձաքննության էր ենթարկվել Ազատ գյուղում 15 զինծառայողների մահվան գործով անցնող սպա Եղիշե Հակոբյանը. փորձաքննության եզրակացության պատասխանը նախաքննական մարմինը ստացել է, որտեղ նշված է եղել, որ սպայի մոտ թմրանյութի հետքեր չկան»։