17/02/2023 09:46
«Ժողովուրդ». Քրեական գործերով դատարաններում դատախազության պարտվելու հիմնական պատճառը փորձաքննությունների արդյունքներն են
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն Արգամ Հովսեփյանի պաշտոնավարման օրերը հաշված են: Բանն այն է, որ ՀՀ գլխավոր դատախազությունում մի քննարկում է եղել, որտեղ բարձրացվել է հարց, թե ինչու է դատախազությունը պարտվում դատարաններում:
Պարզաբանում է հնչել, որ շատ քրեական գործերով, որով դատախազությունը պարտվում է դատարաններում, հիմնական պատճառը փորձաքննությունների արդյունքներն են: Այսինքն՝ տրված փորձագիտական եզրակացություններն են պարտության պատճառը, ու հիմնական խնդիրը եղել է հենց Արգամ Հովսեփյանի ղեկավարած ՊՈԱԿ-ը: Եվ միակ բանը, որ այս պահին հետ է պահում Հովսեփյանին ազատելու մտքից, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, կրկին կադրային խնդիրներն են, քանի որ համապատասխան կադր դեռ չեն կարողանում գտնել: Հիշեցնենք նաև, որ հենց այս նույն ՊՈԱԿ-ն է եզրակացություն տվել Արթուր Սարգսյանի՝ Հաց բերողի հարցով:
Այժմ քրեական գործով մեղադրանք է առաջադրված ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանին, որն այդ ժամանակ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրենն էր: Արդար կլիներ, որ քրեական հետապնդում իրականացվեր ոչ միայն Չարչյանի, այլ այդ եզրակացությունը տված մյուս դերակատարների, այդ թվում՝ Արգամ Հովսեփյանի նկատմամբ, սակայն դատախազ Աննա Վարդապետյանին հեաքրքրում է միայն Չարչյանին մեղադրելը»։