18/02/2023 17:41
Միգրենի նոպան կանխարգելող գործոններ
Մարդկանց մոտ միգրենի նախանշանները տարբերվում են իրենց ձևով, ինտենսիվությամբ և տևողությամբ, բայց կան նախանշաններ, որոնք հաճախակի բնույթ են կրում և խանգարում մարդու բնականոն կյանքին:
Միգրենի նոպային կարող են նախորդել՝
Տրամադրության տատանումները, երբ որոշ մարդիկ միգրենը սկսվելուց ժամեր կամ օրեր առաջ դառնում են առավել դյուրագրգիռ և դեպրեսիվ: Մարդիկ էլ կան, որ հակառակ դրան, միգրենից ժամեր առաջ երջանկության ու էյֆորիայի զգացումներ են ունենում:
Մարսողական խնդիրները. Նախամիգրենային շրջանում հնարավոր է, որ մարսողական համակարգի հետ կապված խնդիրներ լինեն՝ ցավ ստամոքսում, փորկապություն կամ լուծ: Համապատասխան դեղորայքն, իհարկե, կարող է վերացնել դրանք, բայց չի կարող կանխարգելել միգրենը:
Զգայնությունy լույսի կամ ձայների նկատմամբ ամենատարածված նախանշաններից են, հաճախ կարող են շարունակվել նաև միգրենի նոպայի ընթացքում և դրանից հետո: Վառ լույսը կամ բարձր աղմուկը կարող են նույնիսկ նպաստել երկրորդ նոպայի առաջացմանը՝ նախորդից կարճ ժամանակ հետո:
Տեսողական խնդիրներ. Միգրենն սկսվելուց առաջ հնարավոր է՝ տեսողությունը դառնա աղոտ, հայտնվեն խամրած կետեր կամ թարթող լույս: Այս խնդիրները կարող են գնալով ավելի սրվել, բայց սովորաբար դրանք մեկ ժամից ավելի չեն տևում:
Քնկոտություն և հոգնածություն. Հնարավոր է, որ միգրենից առաջ մարդու մոտ անսովոր հոգնածության զգացում լինի: Շատ կարճ կամ երկարատև քունը կօգնի առույգանալ:
Միգրենի նախանշաններն ի հայտ գալուց հետո կարելի է դրանք մեղմացնել, օրինակ, ցավազրկողների օգնությամբ։ Անհրաժեշտ է ցավազրկող միջոցներն ընդունել հնարավորինս շուտ, երբ զգացվում են միգրենի առաջին նշանները: Բայց չպետք է մոռանալ, որ ցավազրկողների չափազանց շատ կամ հաճախակի ընդունումը կարող է ստամոքսի խոցի պատճառ դառնալ:
Կարելի է դիմել նաև քիչ քանակությամբ կոֆեինի օգնությանը: Միգրենի վաղ շրջանում քիչ քանակությամբ սուրճը կարող է մեղմել ցավը: Այն ունակ է նաև ուժեղացնելու այնպիսի ցավազրկողների ազդեցությունը, ինչպիսիք են՝ ասպիրինը, ացետամինոֆենը և իբուպրոֆենը: Բայց կարևոր է չչարաշահել սուրճը, քանի որ կոֆեինի մեծ քանակությունը ունենում է նաև հակառակ ազդեցությունն ու խթանում միգրենի առաջացումը:
Ցանկալի է նաև սթրեսից ազատվելու համար վարժություններ անել, զբաղվել, օրինակ, մեդիտացիայով։ Կարելի է օրվա մեջ 10 րոպե տրամադրել մեդիտացիային: Շնչել խորը և դանդաղ, փորձել թուլացնել մարմնի յուրաքանչյուր մկանը: Դա, իհարկե, ցանկացած ժամանակ էլ կարող է օգտակար լինել, բայց մեդիտացիան հատկապես անհրաժեշտ է այն ժամանակ, երբ նկատելի են միգրենի նախանշանները:
Խորհուրդ է տրվում նաև հետևել սննդակարգին: Պանիրը, որոշ մրգեր, ընկույզը, ալկոհոլային խմիչքները, մարինացված և ֆերմենտացված մթերքները, հավելումները շատերի մոտ կարող են միգրենային նոպա առաջացնել:
Մասնագետները խորհուրդ են տալիս միգրենի առաջին ախտանշաններն ի հայտ գալուն պես, անհապաղ դիմել բժշկի և լինել նրա անմիջական հսկողության ներքո։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։