18/02/2023 19:26
Ալիևը Փաշինյանին առաջարկել է անցակետ տեղադրել Լաչինի ու Հայաստանի միջև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Մյունխենում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հանդիպումից հետո ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել է, որ հայկական կողմին պաշտոնապես առաջարկել է հսկիչ անցագրային կետեր հիմնել և տեղադրել Լաչինի և Հայաստանի միջև։
Ալիևի խոսքով՝ Հայաստանը դեռ չի արձագանքել իր առաջարկին, սակայն իր այս մոտեցումը ըմբռնման է արժանացել Եվրոպայի և ԱՄՆ-ի կողմից։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և իր եռակողմ հանդիպումը, որը կայացել է Մյունխենում, Ալիևն «արդյունավետ» է որակել։
«Շատ հարցեր են քննարկվել, այդ թվում՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հարցը, փաստաթղթի ստորագրման պայմանները։ Իհարկե, ես վերահաստատեցի իմ դիրքորոշումը։ Գլխավորն այն է, որ խաղաղության այդ պայմանագիրը պետք է կնքվի միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի հիման վրա»,- ասել է Ալիևը։