20/02/2023 21:01
Իմունիտետն արհեստականորեն բարձրացնելը կարող է սրել իրավիճակը՝ նվազեցնելով մարդու կյանքի որակը
Մարսողական խնդիրներ, քրոնիկական հոգնածություն, մշտական ինֆեկցիաներ, դանդաղ ապաքինվող վերքեր։ Եթե նույնիսկ մի փոքր ծանոթ եք այս խնդիրներին, ապա իմունային համակարգը, հավանաբար, չի արձագանքում ողջ հզորությամբ:
Իմունային համակարգը բաղկացած է մի շարք օրգաններից և հյուսվածքներից, որոնց խնդիրն է հայտնաբերել և չեզոքացնել միկրոօրգանիզմները և քիմիական միացությունները, որոնք կարող են վնասել մեր օրգանիզմը: Հիմնական դերում են արյան մեջ անընդհատ շրջանառվող լեյկոցիտները՝ բջիջները, որոնք փնտրում են վտանգավոր զավթիչների՝ պաշտպանելու մեզ դրանց կենսագործունեության վնասակար ազդեցությունից։
Որպես կանոն, սպիտակ արյան բջիջները հուսալիորեն պաշտպանում են մարմինը: Այնուամենայնիվ, որոշ հիվանդություններ կարող են խանգարել դրանց արդյունավետությանը, օրինակ՝ որոշ քրոնիկական հիվանդություններ, ինչպիսիք են շաքարախտը կամ քաղցկեղը, աուտոիմուն (օրինակ՝ ռևմատոիդ արթրիտ) և վարակիչ (օրինակ՝ ՄԻԱՎ) հիվանդություններ:
Որոշ մարդիկ ծնվում են թույլ իմունային համակարգով, մյուսները կարող են իմունային անբավարարություն ունենալ հիվանդության կամ նույնիսկ դեղորայքի պատճառով:
Իմունիտետն արհեստականորեն բարձրացնելը կեղծ հասկացություն է: Իմունային համակարգի գերլարումը կարող է հանգեցնել միայն բորբոքման կամ աուտոիմուն հիվանդության, ինչը նշանակում է, որ օրգանիզմն իրականում կսկսի «հարձակվել» իր առողջ հյուսվածքների վրա։
Բացի հազից, քթից հոսքից և ջերմությունից, թույլ իմունային համակարգ ունեցող մարդիկ հաճախ մարսողական խնդիրներ են ունենում․ հաճախակի փորկապություն կամ քրոնիկ փորլուծություն։
Հետազոտողների պնդմամբ, իմունային համակարգի մոտ 70%-ը գտնվում է աղեստամոքսային տրակտում: Հենց այս հատվածներում են ապրում մեր իմունիտետին աջակցող օգտակար բակտերիաները և միկրոօրգանիզմները. եթե դրանք շատ քիչ են, օրգանիզմի համար ավելի դժվար է դառնում պաշտպանվել վիրուսներից, քրոնիկ բորբոքումից կամ աուտոիմուն հիվանդություններից:
Դանդաղ ապաքինվող վերքերը թուլացած իմունային համակարգի երրորդ հիմնական ախտանիշն են: Հագեցած ճարպերով, շաքարով և աղով հարուստ սննդակարգը ևս համարվում է թույլ իմունիտետի հիմնական պատճառներից մեկը։
Շատ վերամշակված մթերքներ և ածխաջրեր ուտելը ոչ միայն վնասում է իմունային համակարգը, այլև ավելացնում է քաշը, ինչը նաև հանգեցնում է տարբեր վարակների նկատմամբ մարմնի դիմադրողականության ցածրացման: Հավելյալ քաշը նվազեցնում է իմունային համակարգում սպիտակ արյան բջիջների քանակը, դրանց գործառույթը և խանգարում է հակամարմինների արտադրությանը, որոնք անհրաժեշտ են վարակի դեմ պայքարելու համար: Այսպիսով, ավելորդ քաշի ավելացումը թուլացնում է պաշտպանության առաջին գիծը՝ վնասակար ներխուժումների դեմ:
Մյուս կողմում հավասարակշռված դիետան է, որը ներառում է շատ մրգեր, բանջարեղեն և ընկույզ, այն հայտնի է իմունային համակարգը հսկողության տակ պահելու ունակությամբ: Դրանք հարուստ են հակաօքսիդանտներով, ինչպես նաև A, B, C և E վիտամիններով և կենսական նշանակություն ունեն օրգանիզմի ուժը պահպանելու համար:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։