20/02/2023 19:47
Ընկերության հետևում թաքնված է ԴՆԹ-ի նմանությու՞նը. Ամերիկացի գիտնականների ուսումնասիրությունը
Երկու ամերիկացի գիտնականների կողմից կատարված և մի շարք տարաձայնություններ առաջացրած հետազոտությունը ցույց է տալիս, որ մենք գենետիկորեն ավելի մոտ ենք մեր ընկերներին, քան անծանոթ մարդկանց:
Ամերիկյան փոքր քաղաքներից մեկում մոտ 2000 բնակիչների ԴՆԹ-ն ուսումնասիրելով՝ գիտնականները հայտնաբերել են, որ ընկերների մոտ առկա են 0.15 անգամ ավելի շատ ընդհանուր գեներ, քան անծանոթների մոտ:
Հետազոտության արդյունքները հրապարակվելուն պես արժանացել են շատ գիտնականների քննադատությանը:
Հետազոտության համահեղինակ Ջեյմս Ֆաուլերը Յեյլի համալսարանի պրոֆեսոր Նիկոլաս Կրիստակիսի հետ վերլուծել է մոտ 500000 միակորիզ պոլիմորֆիզմ՝ գենետիկ փոփոխականության մարկեր:
Հետզոտության մասնակիցները ոչ միայն տրամադրել են իրենց ԴՆԹ-ի նմուշները, այլև ասել, թե ովքեր են իրենց մտերիմ ընկերները:
Պրոֆեսորներ Ֆաուլերը և Կրիստակիսը հաշվել են ազգակցական կապի գործակիցը՝ սկզբում օգտագործելով մի զույգ ընկերների մարկերները, իսկ այնուհետև՝ իրար անծանոթ մարդկանց մարկերները, և հայտնաբերել են, որ այն մի փոքր բարձր է ընկերների շրջանում:
«Մենք չենք խոսում ինչ-որ հատուկ գեների մասին, այլ խոսում ենք գենոմի կառուցվածքային բնորոշ գծերի մասին»,- ասել է պրոֆեսոր Ֆաուլերը՝ BBC-ի հարցազրույցի ժամանակ։
Սակայն մի շարք գիտնականներ կասկածով են մոտենում այս հետզոտության արդյունքներին, քանի որ դրա վրա կարող են ազդել այնպիսի գործոններ, ինչպիսիք են հետազոտվողների էթնիկական ծագումը կամ սոցիալական շերտավորման այլ ասպեկտներ, որոնք կարող էին հանգեցնել մարդկանց կողմից՝ գենետիկորեն իրենց նման մարդկանց հետ մտերմանալուն:
Ըստ նրանց, նման հետազոտությունն իմաստ կունենա միայն այն դեպքում, եթե հետազոտվողները ազգակցական որևէ կապ չունենան իրար հետ, իսկ ազգակցական կապի բացակայությունն ապացուցելը գործնականորեն անհնարին է:
Օքսֆորդի համալսարանի վիճակագրության մասնագետները գտնում են, որ ամերիկյան հետազոտության արդյունքների վրա կարող էր ազդել պոպուլյացիայում շատ դժվար հայտնաբերելի գենետիկ կառուցվածքը և նման հետազոտությունները չափազանց մեծ շեշտ են դնում ԴՆԹ-ի կառուցվածքային հաջորդականության վրա: Մասնագետների խոսքով, միակորիզ պոլիմորֆիզմները՝ բացառությամբ հազվադեպ պատահող գենետիկ հիվանդությունների, մինչև հիմա տեղեկատվություն չեն տրամադրել մարդու վարքագծի և բնավորության մասին:
Սակայն հետազոտության հեղինակները վստահ են իրենց արդյունքների վրա. «Չնայած անսահման քանակի հնարավոր պերմուտացիաների առկայությանը՝ որպես մեզ ընկերներ մենք ինչ-որ կերպ ընտրում ենք այնպիսի մարդկանց, ովքեր նման են մեր ազգականներին»,- ասել են գիտնականները:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։