20/02/2023 14:44
Մենք պատրաստ ենք համագործակցության, վստահ եմ՝ համատեղ աշխատանքով կկարողանանք նոր արդյունքներ գրանցել. Շիրակի մարզպետը`ՌԴ դեսպանին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը մարզային իշխանության ներկայացուցիչների հետ այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի գլխավորած պատվիրակությանը։
Շիրակի մարզպետն անդրադարձել է երկու երկրների բարեկամական հարաբերություններին, մասնավորապես, Շիրակի մարզում իրականացված ծրագրերին:
«Պարոն դեսպան, բարով եք եկել Շիրակի մարզ, ուրախ եմ հանդիպման համար։ Հայ և ռուս ժողովուրդների բարեկամությունը դարերի պատմություն ունի։ 2022-ին մեծ շուքով նշեցինք հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա հոբելյանը։ Ես՝ որպես Շիրակի մարզպետ, կարևորում եմ նաև ապակենտրոնացված համագործակցությունը։ Դուք էլ, բնականաբար, տեղեկացված եք, որ Շիրակի մարզը Ուլյանովսկի, Գյումրին՝ Կուրսկի, Մոզդոկի, Դոմոդեվոյի, Տվերի և այլ քաղաքների հետ համագործակցության հուշագրեր ու համաձայնագրեր ունեն։
Ուրախ կլինեմ, եթե կարողանանք համագործակցությունն առավել առարկայական հիմքերի վրա դնել։ Մենք պատրաստ ենք համագործակցության, վստահ եմ՝ համատեղ աշխատանքով կկարողանանք նոր արդյունքներ գրանցել»,- նշել է մարզպետը: