20/02/2023 17:48
«Ձևավորել հոգեպես առողջ և քրիստոնեական արժեքներով ամրապնդված ընտանիք»․ նորաստեղծ 40 ընտանիք կգտնվի Արցախի թեմի հոգևոր խնամառության տակ
Արցախի թեմակալ առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի օրհնությամբ մեկնարկել է Արցախի թեմի հերթական ծրագիրը՝ «Դրախտի ընտանիք» անվանմամբ:
Ծրագրում ընդգրկված է 2022 թվականի ընթացքում ամուսնացած 40 զույգ, նրանք 10 ամիս շարունակ կգտնվեն թեմի հոգևոր խնամառության տակ:
Նորաստեղծ ընտանիքների հետ աշխատանքներ են տանելու մի քանի մասնագետներ, ովքեր իրենց հմտությունների շնորհիվ համապատասխան աջակցություն են ցուցաբերելու ծրագրի շահառուներին` ընտանիքում առաջացած խնդիրները լուծելու կամ հետագա խնդիրներից խուսափելու համար:
Թեմի նախաձեռնած ծրագրի հիմնական նպատակն է օգնել նորապսակ զույգերին՝ հեշտությամբ հաղթահարել իրենց կյանքի նոր փուլի մարտահրավերները և արդյունքում ձևավորել հոգեպես առողջ և քրիստոնեական արժեքներով ամրապնդված ընտանիք: