20/02/2023 15:17
Հայաստանի բոլոր իշխանությունները գիտակցել են՝ շահերի բախման հիման վրա քաղաքականություն կառուցելու ավանտյուրայի մեջ մտնելով՝ ոտնատակ կգնանք․ 2018-ից հետո պատկերը փոխվեց․ Քաղաքագետ
«Հայաստանի անկախությունից ի վեր իրար հաջորդած ՀՀ բոլոր իշխանությունները, մինչև 2018 թվականը, ունեցել են մի շատ կարևոր գերակայություն․ ստեղծել, ձևավորել, զարգացնել արտաքին քաղաքականություն, որը պետք է հիմնված լինի ուժային կենտրոնների և տարբեր դերակատարների շահերի հատման, բայց ոչ երբեք բախման վրա։ Այսինքն, կար հստակ գիտակցում, որ եթե փորձենք մտնել շահերի բախման հիման վրա քաղաքականություն կառուցելու ավանտյուրայի մեջ, ոտնատակ ենք գնալու։ Բայց 2018-ից հետո պատկերը փոխվեց»,- «Ղարաբաղյան պրոֆիլ» խորագրով քննարկմանը նշեց «Հայացք» վերլուծական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Կարեն Բեքարյանը։
Վերլուծաբանի խոսքով՝ 2018 թվականին իշխանության եկած ուժը վարում է մի «քաղաքականություն», որն իրականում հիմնված է հետևյալ «սկզբունքի» վրա՝ ով բարձր է գոռում, նրանից պետք է փախչել։
«Թուրքերն են բարձր «գոռում»՝ փախանք թուրքերից, ադրբեջանցիները՝ փախանք ադրբեջանցիներից։ Բայց շատ վատ միտում կա՝ այդ երկուսը երբեմն իրար հետ են «գոռում», իսկ եթե իրար հետ են գոռում, կատարվում է այն, ինչի ականատեսն ենք այսօր։ Հետո ուժային կենտրոններն են սկսում «գոռալ», և, որը բարձր «գոռաց», պետք է փախչել նրանից»,- ասաց Կարեն Բեքարյանը՝ հավելելով՝ հենց սա է բերում շահերի բախման հիման վրա «քաղաքականություն» կառուցելուն՝ իր բոլոր հետևանքներով։
Քաղաքագետն ուշադրություն հրավիրեց նաև այլ հանգամանքի վրա․ Հայաստանի գործող իշխանություններն առաջնորդվում են նաև իրենց համար «գլխացավանք» ու «բեռ» հանդիսացող ամեն ինչից ազատվելու տրամաբանությամբ։
«Հայաստանի գործող իշխանությունների մոտ վատագույն դեպքում կա տպավորություն, որ պետք է ազատվել «բեռից», անունը՝ Արցախ, հետո պետք է ազատվել «բեռից»՝ անունը Հայաստանի Հանրապետություն, հետո պետք է պայմանավորվել, կապիտուլյացիայի դրոշները ինչ-որ մեկի թանգարանում պահել ու արտագաղթել, մի տեղ շատ գեղեցիկ ապրել։ Իսկ լավագույն դեպքում, իշխանության տպավորությամբ, ինչ «գլխացավից» ուզում ես ազատվել, պիտի հանձնես։ Վրադ բաղվեց, նոր բան ուզեց, պիտի տաս։ Այսինքն, հնարավոր ամեն բան պիտի տաս՝ մտքում ասելով՝ դե, տամ, վերջում հանգիստ կշնչեմ, հանգիստ կապրեմ»,- նշեց նա։
Այնինչ այս անհարկի զիջողականությունը, Կարեն Բեքարյանի խոսքով, միջազգային հանրությունն էլ, Թուքիան ու Ադրբեջանն էլ, ակնհայտ թուլություն են համարում։
«Այնպիսի թուլություն, որի դեպքում որքան հնարավոր է՝ պետք է պոկեն, և մի բան էլ ավելի»,- շեշտեց քաղաքագետը։