20/02/2023 09:23
Եղեք ամուր և անկոտրում՝ հանուն հայրենիքում խաղաղ, անվտանգ ապրելու և արարելու. Նիկոլ Փաշինյանի ուղերձը՝ արցախցիներին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել Ղարաբաղյան շարժման 35-րդ տարեդարձի առթիվ։
«35 տարի առաջ այս օրերին սկսվեց ղարաբաղյան շարժումը: 1988 թվականի փետրվարի 20-ից սկիզբ առած բողոքի ինքնաբուխ ու բազմամարդ ցույցերը Հայոց պատմության մեջ կմնան որպես ազգային զարթոնքի, միասնության ու ազատագրական պայքարի խորհրդանիշ:
Շարժումը մեր պետականության վերականգնման առաջին քայլը հանդիսացավ, որով վերագտանք ազատ և անկախ ապրելու, մեր ճակատագիրը կերտելու ու մեր ապագան տնօրինելու վճռականությունը:
Ղարաբաղյան շարժումն արցախցիների՝ իրենց իրավունքները պաշտպանելու և սեփական հողի վրա արժանապատիվ կյանքով ապրելու իրավունքն ու կամքն արտահայտելու համար էր:
35 տարի անց էլ Լեռնային Ղարաբաղի հայությունը կանգնած է լրջագույն մարտահրավերների առաջ: Այսօր էլ մեր հայրենակիցները գտնվելով շրջափակման մեջ՝ ստիպված են իրենց իրավունքների ու անվտանգության պաշտպանության կամքն արտահայտել: Ինչպես բազմիցս եմ նշել՝ Ադրբեջանի այս գործողությունները մեկ նպատակ ունեն՝ կոտրել սեփական Հայրենիքում ապրելու Լեռնային Ղարաբաղի բնակչության կամքը, ինչը, սակայն, համոզված եմ, անկոտրում է ու անսասան:
Հարգելի հայրենակիցներ,
Մենք շարունակում ենք բազմապատկել մեր ջանքերը՝ Լեռնային Ղարաբաղում ծայր առած հումանիտար ճգնաժամի վրա միջազգային ուշադրությունը կենտրոնացնելու ուղղությամբ, քանի որ միայն միջազգային հանրության չնվազող ակտիվությունն է Ադրբեջանի ագրեսիվությունը և սադրիչ գործելակերպը զսպելու, 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները լիարժեք իրականացնելու և Լաչինի միջանցքն ապաշրջափակելու եղանակը:
Միաժամանակ, մենք շարունակելու ենք արցախահայության սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման, անվտանգային մարտահրավերների հաղթահարման, Արցախի հայության իրավունքների ու անվտանգության պաշտպանության մեխանիզմների ձեւավորմանն ուղղված մեր հետևողական քայլերը: Այս նպատակների իրականացումը պահանջում է անմնացորդ աշխատանք ու այդ աշխատանքի մեջ պիտի լինենք անսասան:
Սիրելի արցախցիներ,
Եղեք ամուր և անկոտրում՝ հանուն հայրենիքում խաղաղ, անվտանգ ապրելու և արարելու: Համաշխարհային և տարածաշրջանային նոր մարտահրավերներին հանդիման, մենք պիտի կենտրոնացնենք մեր ուժերը խաղաղության օրակարգի իրագործման համար, որքան էլ հասկանում ենք այդ ճանապարհին մեզ սպասվող բարդություններն ու խնդիրները: Մեծ հաշվով խաղաղ, արժանապատիվ և անվտանգ կյանքն է եղել Ղարաբաղյան շարժման բովանդակային նպատակը և մենք պիտի շարժվենք այդ նպատակին ընդառաջ» , - նշված է ուղերձում։