20/02/2023 15:37
Արցախի ժողովուրդն ապացուցեց, որ արժանի է միջազգային հանրության կողմից իր անկախության ճանաչմանը. Արցախի ԱԳՆ
Արցախ ԱԳՆ-ն հայտարարությամբ է հանդես եկել արցախահայության ազգային-ազատագրական պայքարի՝ ղարաբաղյան շարժման 35-ամյակի կապակցությամբ:
«Արցախի Հանրապետությունն (Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը) այսօր նշում է արցախահայության ազգային-ազատագրական պայքարի՝ ղարաբաղյան շարժման արդի փուլի 35-ամյակը. պայքար, որն իր մեջ մարմնավորել է ժողովրդի հավաքական ձգտումը՝ վերականգնելու պատմական արդարությունը, պահպանելու ազգային ինքնությունն ու արժանապատվությունը, լիարժեք կերպով իրացնելու հայրենիքում ազատ ապրելու և զարգանալու իր անքակտելի իրավունքը: Ի պատասխան Ադրբեջանի կողմից տասնամյակներ շարունակ վարվող խտրական քաղաքականության՝ Արցախի ժողովուրդը հավաքեց իր ողջ կամքն ու միավորվեց՝ հանուն Արցախի վերածննդի և Հայաստանի հետ վերամիավորման գաղափարի:
35 տարի առաջ՝ 1988 թվականի փետրվարի 20-ին, տեղի ունեցավ ԼՂԻՄ Ժողովրդական պատգամավորների խորհրդի արտահերթ նստաշրջանը, որում որոշում կայացվեց միջնորդություն ներկայացնել Ադրբեջանական ԽՍՀ և Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդներին՝ ինքնավար մարզն Ադրբեջանի կազմից Հայաստանի կազմ տեղափոխելու վերաբերյալ։ Լեռնային Ղարաբաղի՝ Հայաստանին միանալու հարցը բարձրացվել է ժողովրդավարական, խորհրդարանական եղանակով, ժողովրդի կամարտահայտման հիման վրա, ԽՍՀՄ այն ժամանակ գործող օրենսդրության և միջազգային իրավունքի համընդհանուր ճանաչված նորմերի հետ խիստ համապատասխանությամբ:
Նստաշրջանի որոշումը, որը վերահաստատեց Արցախի ժողովրդի՝ սեփական ճակատագիրը որոշելու իրավունքը, նշանավորեց ղարաբաղյան շարժման արդի փուլը և կանխորոշեց Լեռնային Ղարաբաղի հասարակական-քաղաքական զարգացման հեռանկարները։ Այն, ըստ էության, դարձավ ԽՍՀՄ փլուզմամբ պայմանավորված պատմաքաղաքական նոր իրողություններում 1991 թ. սեպտեմբերի 2-ին ընդունված ԼՂՀ անկախության հռչակագրի նախակարապետը և սկզբնավորեց Արցախի պետական անկախության ուղին:
Արցախցիների համաժողովրդական կամարտահայտության այդ ակտն արդարացիորեն դիտարկվեց որպես հուսալի երաշխիք՝ փրկվելու Ադրբեջանի կողմից էթնիկ հայ բնակչության նկատմամբ տասնամյակներ շարունակ իրականացվող խտրական քաղաքականությունից, որն, ի վերջո, պետք է հանգեցներ նրա լիակատար ոչնչացմանը։ Հետագա իրադարձությունները հաստատեցին արցախցիների պատմական ընտրության օրինաչափությունն ու ճշմարտացիությունը։ Մարզային խորհրդի նստաշրջանից ընդամենը մեկ շաբաթ անց Ադրբեջանի իշխանությունները կազմակերպեցին հայերի դաժան ջարդեր և սպանություններ Սումգայիթում և Ադրբեջանի այլ քաղաքներում, իսկ ԽՍՀՄ փլուզումից հետո լայնածավալ պատերազմ սանձազերծեցին Արցախի դեմ: Նույնիսկ տասնամյակներ անց Արցախի ժողովրդի ոչնչացմանն ուղղված պաշտոնական Բաքվի հանցավոր քաղաքականությունը չի փոխվել։ Դրա մասին են վկայում 2016 և 2020 թվականների ռազմական ագրեսիաները, Արցախի ժողովրդի դեմ շարունակվող պետական ահաբեկչությունը, հանրապետության՝ արդեն գրեթե երեք ամիս շարունակվող տրանսպորտային և էներգետիկ շրջափակումը:
Չնայած անհավանական դժվարություններին և փորձություններին՝ Արցախի ժողովուրդը շարունակում է իր պայքարը հանուն պատմական հայրենիքում իր ազատ և անկախ գոյության՝ այդպիսով իրացնելով միջազգային իրավունքով, այդ թվում՝ ՄԱԿ-ի կանոնադրությամբ ամրագրված ժողովուրդների ինքնորշման իրավունքը։ Անցած 35 տարիները հստակ ցույց տվեցին, որ համազգային խնդիրների լուծման կարևորագույն պայմանը համաժողովրդական միասնությունն է, Հայաստանի, Արցախի և Սփյուռքի բարոյական ու հոգևոր ուժերի համախմբումը, ինչը հնարավորություն է տալիս դիմակայել ժամանակի լրջագույն մարտահրավերներին:
Ազգային արժանապատվության և պատմական հայրենիքում սեփական ճակատագիրն ազատ տնօրինելու իրավունքի համար մղվող բազմամյա պայքարով, ինչպես նաև ժողովրդավարական և կենսունակ պետության ստեղծմամբ Արցախի ժողովուրդն ապացուցեց, որ արժանի է միջազգային հանրության կողմից իր անկախության ճանաչմանը:
Այս հիշարժան օրը մենք խոնարհվում ենք բոլոր նրանց հիշատակի առջև, ովքեր իրենց կյանքը նվիրաբերեցին հանուն Արցախի ազատության և անկախության, հանուն համամարդկային իդեալների և արժեքների»,- ասվում է հայտարարությունում: