20/02/2023 18:26
Մեր ժողովրդի մեջ կա 88-ի ներուժը, արցախցիները չեն ուզում լքել իրենց հայրենիքը և ի զորու են միասնաբար դիմագրավելու ամեն մի նեղության․ Թեմակալ առաջնորդ
Արցախի թեմակալ առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանն ուղերձով է հանդես եկել Արցախյան շարժման 35-ամյակի կապակցությամբ․
««Արդարությունը բարձրացնում է ազգին, բայց մեղքը ժողովուրդներ է կործանում» (Առակաց 14։34)։ Աստվածաշնչի Առակաց գրքից այս իմաստուն խոսքերը գալիս են փարատելու մեր բոլոր հակասական մտածումները, որոնք ծնվում են մեր մեջ, երբ հիշում ենք 35 տարիներ առաջ մեր ժողովրդի ազգային վերազարթոնքը և երբ միաժամանակ հայացք ենք գցում մեր ներկա կյանքին։
Իսկապես հիշատակի և գնահատման արժանի օրեր էին, երբ արցախահայությունը միակամ դարձած, սկսեց իր աստվածապարգև ազատության համար այդ շարժումը։ Հետաքրքիր անվանում ենք տվել այդ օրերի մեր պայքարին. «Արցախյան շարժում»։ Սա նշանակում է, որ ժողովուրդը սկսել էր շարժվել, աշխատել, կրավորական անտարբերությունից ու անգործությունից անցնել գործնական քայլերի, և արդյունքը եղավ հաղթական։ Այո, դժվար էր և շարժման սկիզբը, և դրա բնական շարունակություն հանդիսացող Արցախյան գոյապայքարը, բայց նույնքան, և միգուցե ավելի դժվար է այդ ամենը պահելը։
Այսօր, երբ կրկին հավաքվել ենք վերարժևորելու 35 տարի առաջ սկսված և մինչև օրս չավարտված «Արցախյան Շարժումը», տարբեր հարցեր ու զգացումներ են համակել բոլորիս։ Ազգային և պետական մեր կյանքում տեղ գտած դժվարությունները, պատերազմի պատճառած անգնահատելի կորուստները, ներկա փորձություններն ու մարտահրավերները խռովել են յուրաքանչյուր մտածող հայի միտքն ու հոգին։ Արցախյան վերջին պատերազմի վերքերը դեռ չեն սպիացել, իսկ թշնամին անընդհատ աղ է լցնում այդ վերքին։ Այսօր էլ նա տարատեսակ մեթոդներով փորձում է մարել մեր ազատության և անկախության շարժումը։
Մեր երկրի փրկության համար արվող քաղաքական, դիվանագիտական ջանքերի և վերլուծությունների պակաս կարծես թե չունենք, որոնք, անշուշտ կարևոր են, բայց ո՛չ բավարար և խորքային։
Մենք, որպես Հայ Առաքելական եկեղեցու հոգևորականներ, ամեն օր մեր հայացքն ենք ուղղում դեպի երկինք և Աստծուց խնդրում ենք Արցախի համար ազատություն, ուժ և փրկություն։ Բայց Աստված հենց այնպես որևէ մարդու կամ ազգի սկուտեղի վրա փրկություն չի մատուցում, այլ տալիս է գործիքներ, ցույց է տալիս ճանապարհը և պատրաստ է ուղեկից լինելու այդ ճանապարհին, եթե մենք ցանկանում ենք։ Մեր Տերը՝ Հիսուս Քրիստոս ասում է․ «Հոգին է կենդանարար. մարմինը ոչ մի բան չի կարող անել» (Հովհ․6։64)։ Մենք, որպես քրիստոնյա ազգ, պետք է գիտակցենք, որ կյանքում բոլոր խնդիրների բուն արմատը թաքնված է հոգևոր դաշտում, ուստի վստահաբար կարող ենք ասել, որ ազգերի, պետությունների քաղաքագիտական ամբողջ իմաստությունը ամփոփված է Սուրբ Գրքի հետևյալ խոսքերի մեջ, թե՝ «Արդարությունը բարձրացնում է ազգին, բայց մեղքը ժողովուրդներ է կործանում»։
Արդարությունն է ազգին բարձրացնում, և ոչ թե մեծերի քաղաքագիտությունը, ոչ թե երկրի հարստությունը, ոչ թե զորքերի բազմությունը։ Հմուտ քաղաքականությունը և դիվանագիտությունը իսկապես կարող են երկրին մի քանի տասնյակ տարիներ բախտավոր վիճակի հասցնել, բայց եթե ազգի մեջ չկա հոգևոր բարձր մղում բարու և ճշմարտության հանդեպ, ապա կառավարիչների ջանքերն ու եռանդը պտուղ չեն տա։
Ինչպես որ մեղքը պատճառ է դառնում մարդու կորստյան, նույնկերպ է լինում նաև այն ազգերի պարագայում, որոնց մոտ պակասում է Աստուծո երկյուղը և զորանում է եսասիրությունը։ Աստծո հանդեպ անկեղծ հավատքի և բարոյական, առաքինի կյանքի մեջ է թաքնված մեր ազգի փրկության բանալին։ Աստվածային օրենքներից զուրկ երկրում ամեն մարդ ինքն է իր աստվածը և աշխարհը իր շուրջն է պտտվում։ Ակամա ամենքը ապրում և գործում են ամենքի դեմ, և այս ծածուկ պատերազմի հետևանքը լինում է այն, որ ազգը ջնջվում է երկրի երեսից, կամ էլ գերի դառնում ուրիշ ազգի։
Սիրելիներ, հետաքրքիր կերպով այսօրը համընկել է մեր եկեղեցու Մեծ Պահքի առաջին օրվա հետ, որ նորից որպես մի ազդակ, հրավիրում է բոլորիս հոգևոր առումով քննելու մեր անկախության պայքարի էությունը։ Եթե մենք արդար, հավատարիմ ու անկեղծ չենք մեր կոչման մեջ, ապա բարոյական իրավունք չունենք փնտրելու դավաճաններ և ներքին թշնամիներ, փորձելով նրանց վրա գցել մեր մեղքը, որը, ցավոք հաճախ չենք տեսնում և չենք ընդունում։
Այսօր թշնամու կողմից Արցախի դիտավորյալ շրջափակումը մեր մեջ ակամա արթնացրել է այն օրերի հիշողությունը, երբ նոր էր սկսվում մեր պայքարը։ Իր բոլոր նեղություններով ու դժվարություններով հանդերձ, այս շրջափակումը ցույց տվեց նաև, որ մեր ժողովրդի մեջ դեռևս առկա է 88-յան ներուժը, որ արցախցիները չեն ուզում լքել իրենց հայրենիքը և ի զորու են միասնաբար դիմագրավելու ամեն մի նեղություն։ Այսօր նորից թարմ է այն գիտակցությունը, որ առանց մեր հայրենիքի մենք որպես ազգ լինել չենք կարող, որովհետև հայրենիքն է ազգի օրրանը, ազգություն ստեղծողը, հայրենիքն է ազգի սիրտը, միտքն ու բովանդակ էությունը կերտողը։
Ուստի սիրելիներ, մեր աղոթքն ու մաղթանքն է, որ Աստված իմաստություն տա մեր ազգին, որպեսզի մշտապես լինենք շարժման մեջ հանուն հայրենիքի անկախության, լինենք զգոն և խիզախ՝ մեր սխալները ընդունելու և արդարության ճանապարհով մեր ազգին նորից բարձրացնելու համար»։