20/02/2023 18:16
«Քանի դեռ արցախյան հարցը վերջնականապես կարգավորված չէ, շարժումն արդիական է լինելու»․ Ստեփանակերտում Արցախյան շարժման 35-ամյակին նվիրված քննարկում է կազմակերպվել
Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարանում Արցախյան շարժման 35-ամյակին նվիրված կլոր սեղան-քննարկում է կազմակերպվել, տեղեկացնում է «Արցախպրես»-ը։
Միջոցառման մեկնարկին ներկաները հարգանքի տուրք են մատուցել Արցախյան գոյապայքարի ընթացքում զոհված հայորդիների հիշատակին։
Բացման խոսքով հանդես է եկել ԲՈՒՀ-ի պրոռեկտոր Ալիսա Բաղդասարյանը։ Նա կարևորել է նման ձևաչափով հանդիպումները, որոնց շնորհիվ հնարավոր է դառնում առողջ դատողությամբ վերլուծել իրավիճակը:
«Քննարկումը նպատակ ունի գնահատելու այն, ինչը կարողացել ենք իրականություն դարձնել տարիներ առաջ. դա մեր ազգային երազանքն է, և այն պետք է արժևորենք։ Այսօր մեր առջև ծառացած խնդիրները բավականին շատ են, և պետք է վերաիմաստավորենք ապրածը, ապա հասկանանք մեր սխալներն ու հետևություններ անենք»,- նշել է Ալիսա Բաղդասարյանը:
Ռեկտոր Դոնարա Գաբրիելյանի խոսքով` մտավորականության շրջանում կազմակերպվող տարաբնույթ քննարկումները Արցախի այօրվա իրավիճակի ճիշտ հանգուցալուծման ելքեր կարող են նախանշել:
Կովկասագիտության կենտրոնի ղեկավար Հովիկ Ավանեսովի գնահատմամբ՝ քանի դեռ վերջնականապես կարգավորված չէ արցախյան հարցը, շարժումը արդիական է լինելու։
Քննարկման մասնակիցներն ընդգծել են միասնական լինելու և մեկ ընդհանուր գաղափարի շուրջ մեկտեղվելու կարևորությունը՝ Արցախը արհավիրքից դուրս բերելու համար։