21/02/2023 16:39
Արցախյան շարժման նման շարժումը կարող է փրկել մեզ, որի ձևավորման հիմքեր, ցավոք, չեմ տեսնում. Դավիթ Շահնազարյան (Տեսանյութ)
Ռուսաստանի հետ հարաբերություններն արհեստականորեն վատթարացնել պետք չէ, բայց պետք է հասկանալ, որ տարածաշրջանում Թուրքիան, Ադրբեջանը, Ռուսաստանն ունեն նույն ծրագիրը։ Ես սխալվել եմ, երբ ասել եմ, թե այստեղ Հայաստանի և Ռուսաստանի շահերը համընկնում են. թերագնահատել եմ Թուրքիայի դերը, Aysor.am-ի «Հարցեր կան» հաղորդմանն ասել է 1992-1995 թթ. ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան, Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Դավիթ Շահնազարյանը։
Նա ընդգծել է՝ այնքան Թուրքիան չէ վտանգավոր, որքան ռուս-թուրքական համատեղ քաղաքականությունը, որը, եթե ավարտին հասցվի, կլինի Լենին-Աթաթուրք դաշինքի երկրորդ մասը։
«Վստահ չեմ, որ տարածաշրջանում Ռուսաստանը կարմիր գիծ ունի, ամիսներ առաջ ռուս պաշտոնյաներին ասացի՝ այս տարածաշրջանից երկու անգամ դուրս եք եկել, ասացի՝ հիշեք, եթե երրորդ անգամ դուրս գաք, էլ վերադառնալու հնարավորություն չի լինելու։ Մենք պետք է ամեն ինչ անենք, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները մեղմենք, բայց դա չի նշանակում, թե մեր անվտանգությունը ամբողջապես պետք է կախված լինի Ռուսաստանից», - նշել է Շահնազարյանը։
Նրա գնահատմամբ՝ ամենամեծ խնդիրը պայքարի օրակարգի բացակայությունն է. քաղաքական ոչ մի սուբյեկտ չի պայքարում Հայաստանի շահի համար, իսկ եթե պայքար չկա, չկա ոչ դաշնակից, ոչ բարեկամ։ Դավիթ Շահնազարյանի համոզմամբ, իրավիճակի հաղթահարման համար երկրորդ արցախյան շարժում է պետք, որի ձևավորման հիմքերը, ցավոք, չի տեսնում։