21/02/2023 20:26
Կրծքագեղձի կիստաների հնարավոր բարդություններն ու բուժումը
Բազմաթիվ կանայք անհանգստանում են այն մտքից, որ կրծքագեղձերում հայտնաբերված կիստաները կարող են չարորակ լինել և վերածվել քաղցկեղի։
Իրականում կրծքագեղձի կիստաները վտանգավոր չեն. նույնիսկ եթե կիստայի տեղակայման շրջանում առաջանում է քաղցկեղ, պատճառը բնավ կիստան չէ։
Սակայն վտանգավոր չլինելը չի նշանակում, որ կիստան կարող է որևէ գանգատ չառաջացնել կամ չանհանգստացնել կնոջը։ Որոշ դեպքերում կրծքագեղձի կիստաները՝ հատկապես դաշտանից առաջ, դառնում են խիստ ցավոտ։ Նույն կերպ, կիստաները կարող են առաջացնել ծանրության զգացողություն, քոր կամ այրոց՝ մինչև իսկ տձևացնել կրծքագեղձը։
Գանգատները կարող են կտրուկ սրվել կրծքագեղձի կիստաների բարդությունների՝ կիստոզային խոռոչի բորբոքման, բակտերիալ վարակի ավելացման և թարախակալման ժամանակ:
Կրծքագեղձի կիստայի ախտորոշումը սովորաբար ներառում է կրծքագեղձի կլինիկական հետազոտությունը, պատկերային հետազոտությունները՝ ինչպիսիք են կրծքագեղձի գերձայնային հետազոտությունը կամ մամոգրաֆիան, բարակ ասեղային ասպիրացիան կամ կրծքագեղձի բիոպսիան:
Ախտանիշները և հիվանդության պատմությունը քննարկելուց հետո բժիշկը կզննի կրծքագեղձի գոյացությունը և կստուգի կրծքագեղձի ցանկացած այլ անոմալիայի առկայություն: Միայն զննելով կամ շոշափելով բժիշկը չի կարող հստակ որոշել՝ արդյոք կրծքագեղձի գոյացությունը կիստա՞ է, ուստի անհրաժեշտ կլինի ևս մեկ հետազոտություն։
Անհրաժեշտ հետազոտությունները կարող են ներառել.
Մամոգրաֆիա. մամոգրաֆիայի միջոցով սովորաբար կարելի է տեսնել մեծ կիստաները և փոքր կիստաների կուտակումները: Այնուամենայնիվ, շատ փոքր կիստաները հնարավոր է մամոգրաֆիայով դժվար հայտնաբերվեն կամ չգտնվեն:
Կրծքագեղձի գերձայնային հետազոտություն (սոնոգրաֆիա). այս հետազոտությունը կարող է օգնել բժշկին որոշելու՝ արդյոք կրծքագեղձը հեղուկո՞վ է լցված, թե՞ պինդ է: Հեղուկով լցված շրջանը սովորաբար վկայում է կրծքագեղձի կիստայի մասին: Պինդ երևացող զանգվածը, ամենայն հավանականությամբ, ոչ քաղցկեղային ուռուցք է, ինչպիսին է ֆիբրոադենոման։
Բժիշկը կարող է խորհուրդ տալ բիոպսիա՝ պինդ թվացող զանգվածի հետագա գնահատման համար: Բժիշկը, ըստ անհրաժեշտության, կարող է բաց թողնել պատկերային հետազոտությունները և կատարել բարակ ասեղային ասպիրացիա՝ հեղուկը արտածծելու և կիստան դատարկելու համար:
Բարակ ասեղով ասպիրացիայի ժամանակ բժիշկը բարակ ասեղ է մտցնում կրծքագեղձի գոյացության մեջ և փորձում դուրս հանել կամ արտածծել (ասպիրացնել) հեղուկը: Հաճախ բարակ ասեղային ասպիրացիա կատարվում է գերձայնային (սոնոգրաֆիկ) հսկողության ներքո՝ ասեղի ճշգրիտ տեղադրումը ուղղորդելու համար: Եթե հեղուկը դուրս է գալիս, և գոյացությունը փոքրանում է, ապա բժիշկն անմիջապես կրծքագեղձի կիստա կախտորոշի:
Եթե հեղուկն արյունային չէ, ունի ծղոտագույն տեսք և կրծքագեղձի գոյացությունն անհետանում է, ապա հարկավոր չէ հետագա հետազոտություն կամ բուժում: Իսկ հակառակ դեպքում, բժիշկը կարող է արտածծված հեղուկի նմուշն ուղարկել լաբորատոր հետազոտության և հիվանդին ուղեգրել կրծքագեղձի վիրաբույժի կամ ռադիոլոգի մոտ:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։