21/02/2023 19:40
Լեյկեմիան երեխաների մոտ. Արտահայտման ձևերն ու բուժման հնարավորությունները
Լեյկեմիան կամ լեյկոզը երեխաների մոտ ամենահաճախ հանդիպող քաղցկեղային հիվանդությունն է։
Դեպքերի մեծ մասում երեխաների մոտ ախտորոշվում է սուր լիմֆոբլաստային լեյկեմիա, որը հաճախ հաջողությամբ բուժվում է։
Լեյկեմիայիով երեխաների բուժումը սովորաբար տևում է 2-3 տարի, որից հետո շարունակվում է կանոնավոր ստուգումը և ուշացած ախտանիշների կանխարգելումն ու բուժումը։
Երեխաների մոտ հանդիպում են լեյկեմիայի հետևյալ տեսակները՝
սուր լիմֆոբլաստային լեյկեմիա, որը կոչվում է նաև սուր լիմֆոցիտային լեյկեմիա,
սուր միելոիդային լեյկեմիա կամ սուր միելոբլաստային լեյկոզ,
քրոնիկ միելոիդային լեյկեմիա, որը երեխաների մոտ խիստ հազվադեպ է հանդիպում, իսկ ավելի հաճախ ախտորոշվում է դեռահասների մոտ,
քրոնիկ լիմֆոցիտային լեյկեմիա՝ երեխաների մոտ հազվադեպ հանդիպող, սակայն չափահաս տարիքում լեյկեմիայի ամենատարածված տեսակն է։
Լեյկեմիայի տեսակները միմյանցից տարբերվում են արյան ախտահարված բջջի տեսակով, ինչպես նաև ընթացքով, բուժման մեթոդներով և հաջող բուժման հավանականությամբ։
Երեխաների մոտ լեյկեմիայի բուժման հիմնական տարբերակը հաբերով կամ ներարկումներով նշանակվող քիմիաթերապիան է՝ մի քանի դեղերի համակցությամբ։ Որոշ դեպքերում կարող է նշանակվել նաև ճառագայթային բուժում, ցողունային բջիջների կամ ոսկրածուծի փոխպատվաստում։
Բուժման այլ տարբերակներից են կենսաբուժումը՝ ուղղված օրգանիզմի իմունային համակարգի ամրապնդմանը, «թիրախային» բուժումը, որն ավելի քիչ է վնասում առողջ բջիջները և ավելի քիչ կողմնակի ազդեցություններ է դրսևորում, քան քիմիաթերապիան։ Ցուցված են նաև արյան բաղադրամասերի փոխներարկումը, երկրորդային բակտերիալ վարակների բուժումը հակաբիոտիկներով և այլն։
Ինչպես չափահասների, այնպես էլ երեխաների բուժումը կարող է ուղեկցվել կարճաժամկետ կողմնակի ազդեցություններով, օրինակ՝ սրտխառնոց և մազաթափություն։ Բուժումը նաև կարող է առաջացնել ուշացած կողմնակի ազդեցություններ, որոնք հայտնաբերվում և բուժվում են կանոնավոր ստուգումների միջոցով։
Լեյկեմիայով երեխաների բուժումը սովորաբար շարունակվում է մինչև 3 տարի։ Այս ընթացքում շատ կարևոր է, որ նրանք հնարավորինս ապրեն նորմալ կյանքով, զբաղվեն առօրյա խաղերով, քիչ բացակայեն դպրոցից և չկտրվեն իրենց ընկերներից և վայելեն մանկությունը։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։