21/02/2023 20:56
Մանգոյի օգտակար հատկություններն ու հակացուցումները որոշ հիվանդությունների դեպքում
Մանգոն առաջին հերթին ածխաջրերի, բուսական մանրաթելերի, վիտամինների, միկրո և մակրո տարրերի աղբյուր է։ Սննդային մանրաթելեր պարունակելու շնորհիվ մանգոն օգտակար է փորկապության դեպքում, քանի որ խթանում է աղիների մաքրումը։
Պտուղը հարուստ է կարոտինոիդներով և վիտամին A-ով, որոնք օգտակար են տեսողության և մաշկի տարբեր խնդիրների համար։ Վիտամին C-ի մեծ քանակությունը օգտակար է մրսածության և սթրեսի դեպքում։ B խմբի վիտամինները կարևոր են նյարդային համակարգի հիվանդությունների դեպքում, բարելավում են ուղեղի աշխատանքը։ Կալիումն ու մագնեզիումն անհրաժեշտ են սրտանոթային համակարգի համար, իսկ երկաթը՝ անեմիայի համար։
Չորացրած մրգի կեղևը, որը բաղկացած է 40% մանրաթելից, ունի նախաբիոտիկ հատկություններ, ինչը նշանակում է, որ այն բարելավում է աղիքային միկրոֆլորան։
Մանգոյի միջուկում վիտամին C-ի և տրիտերպենոիդ լուպեոլի պարունակության շնորհիվ օրգանիզմում բորբոքային պրոցեսները նվազում են, ուստի միրգը խորհուրդ է տրվում սննդակարգում ներառել երիկամների հիվանդությունների՝ պիելոնեֆրիտների և միզաքարային հիվանդությունների դեպքում։
Պտուղն ունի նաև հակասեպտիկ հատկություն, որն օգտագործվում է ատամների և լնդերի հիվանդությունների կանխարգելման համար։
Մանգոյի մեջ պարունակվող վիտամին C-ն ամրացնում է արյունատար անոթները, բարձրացնում դրանց առաձգականությունը և արագացնում օրգանիզմի վերականգնումը։
Մանգոն հարուստ է վիտամին B6-ով, որը մասնակցում է նյարդային հաղորդիչների ձևավորմանը։ Նրանք օգնում են նեյրոններին փոխանցել նյարդային ազդակները և ավելի լավ հիշել տեղեկատվությունը: Բացի այդ, վիտամին B6-ը լավացնում է քունը և բարելավում տրամադրությունը, ուստի պտուղը կարող է օգնել քրոնիկական սթրեսի ժամանակ:
Վիտամին C-ն օգնում է մարմնին արտադրել կոլագեն՝ սպիտակուց, որն ամրացնում է մազերի արմատները, վերականգնում է դրանց վիճակը և ակտիվորեն արագացնում աճը: Ուստի մանգոն օգտագործվում է կոսմետոլոգիայում՝ հաճախ ավելացնում են քսուքներին, շիճուկներին և մազերի դիմակներին։
Մանգոյի մեջ պարունակվող վիտամին A-ն երկարացնում է մաշկի երիտասարդությունը։
Մանգոն նաև նվազեցնում է տոքսիկոզի, սրտխառնոցի, այրոցի ախտանիշները հղիության և լակտացիայի ժամանակ։ Սակայն մանգոն սննդակարգում ներառելուց առաջ պետք է խորհրդակցել բժշկի հետ՝ խուսափելու համար ալերգիկ ռեակցիայի առաջացումից։
Մանգոյի մեջ պարունակվող պոլիֆենոլները, կարոտինոիդները, վիտամին C-ն և տերպենոիդները արգելակում են կրծքագեղձի, հաստ աղիքի, լյարդի և այլ ուռուցքային բջիջների զարգացումը։
Մանգոյի մեջ պարունակվող ցինկը, սելենը, մանգանը և պղնձը բարենպաստ ազդեցություն են ունենում շագանակագեղձի, միզուղիների և վերարտադրողական համակարգերի աշխատանքի վրա:
Մանգոն օգնում է օրգանիզմի ընդհանուր զարգացմանը՝ վիտամինների և հանքանյութերի առկայության շնորհիվ։
Մանգոն ցածր կալորիականությամբ մթերք է, բայց միևնույն ժամանակ թույլ է տալիս բավարար քանակությամբ սնունդ ստանալ և ջարագ հագեցնել ծարավը, լավացնել նյութափոխանակությունը։
Չորացրած մանգոյի օգտակար հատկությունները չեն տարբերվում թարմ մանգոյի օգտակար հատկություններից, քանի որ դրանք ունեն նույն քիմիական բաղադրությունը։ Չորացրած մրգի մեկ կտորը պարունակում է պղնձի օրական արժեքի ավելի քան 20%-ը, որն օգնում է սպիտակուցների և ածխաջրերի կլանմանը, անհրաժեշտ է անքնության դեպքում և ազդում է օրգանիզմում հորմոնների, վիտամինների և ֆերմենտների հավասարակշռության վրա։
Բայց արժե հաշվի առնել, որ չորացրած մանգոն ավելի բարձր կալորիականություն ունի. 100 գ-ում կա մոտ 340 կալորիա:
Մանգոյի օգտագործման հետ կապված կան նաև որոշակի հակացուցումներ։ Պտուղը չի կարելի օգտագործել, եթե կա ալերգիա սումակի բույսերի, ինչպես նաև լատեքսի նկատմամբ։
Ցանկացած տեսակի շաքարային դիաբետ ունեցող մարդկանց թույլատրվում է ուտել սնունդ՝ մինչև 50 գլիկեմիկ ինդեքսով։ Մանգոյի գլիկեմիկ ինդեքսը 55 է։ Հետևաբար, շաքարախտով հիվանդների կողմից այս մրգի օգտագործումը թույլատրելի է շաբաթական միայն երկու անգամ՝ փոքր քանակությամբ։
Մանգոն պարունակում է ուրուշիոլ տարրը, որը մաշկի վրա առաջացնում է ցան կամ կարմրություն։
Մանգոն ունի ավելի քան 300 տեսակ: Նրանք ունեն մոտավորապես նույն քիմիական բաղադրությունը, հիմնականում տարբերվում են չափերով, համով, գույնով և հյուսվածքով:
Մանգոյի հիմնական վնասը ալերգիկ ռեակցիան է և շաքարի մեծ քանակությունը, որը վնասակար է երիկամների հիվանդության, պանկրեատիտի, դերմատիտի և ստամոքսի խնդիրների դեպքում։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։