21/02/2023 21:25
Բարձր յուղայնությամբ սննդամթերք, որը կօգնի ավելորդ քաշի դեմ պայքարում
Ավելորդ քաշից ազատվելու համար առաջին հերթին պետք է վերանայել սննդակարգը՝ բացառելով բարձր յուղայնությամբ մթերքները, որոնք ասոցացվում են միայն քաշի ավելացման հետ, սակայն քչերը գիտեն, որ նմանատիպ սննդամթերքի որոշ տեսակներ կարող են օգտակար լինել նաև նիհարել ցանկացողների համար։
Օգտակար ճարպերն օգնում են օրգանիզմին կարգավորել քաղցի հորմոններն ու ճնշել բարձր կալորիականությամբ մթերք ուտելու ցանկությունը, իսկ յուղոտ մթերքի մեջ պարունակվող օգտակար միկրոտարրերը, վիտամիններն ու հանքանյութերը շատ ավելի լավ են յուրացվում, ուստի սննդակարգում դրանք ներառելը շատ օգտակար է։
Սննդաբանները ներկայացրել են բարձր յուղայնություն ունեցող մի քանի մթերք, որոնք սննդակարգում ներառելը կօգնի հեշտությամբ ազատվել ավելորդ քաշից։
Ավոկադո. Ավոկադոն պարունակում է մեծ քանակությամբ մոնոչհագեցած ճարպաթթուներ, սակայն այն միևնույն ժամանակ հարուստ է նաև մանրաթելերով ու սպիտակուցներով։ Նման յուրահատուկ բաղադրության շնորհիվ այս միրգը հագեցնում է քաղցը և օգնում է խուսափել ավելորդ մթերքի գործածությունից։
Հավկիթ. Հավկիթի դեղնուցը նույնպես հարուստ է նիհարել ցանկացողների համար օգտակար ճարպերով։ Ավելին` ձվի դեղնուցը պարունակում է նաև սպիտակուցներ։ Ընդ որում` դեղնուցի մեջ ավելի շատ սպիտակուց է պարունակվում, քան դրա սպիտակ հատվածի մեջ։
Մուգ շոկոլադ. Մուգ շոկոլադը պարունակում է կակաոյի յուղ, որն օգնում է ճնշել ախորժակը, իսկ մյուս բաղադրիչները (մանրաթելեր, երկաթ, մագնեզիում, մանգան) խթանում են մետաբոլիկ ակտիվությունը, ինչի շնորհիվ ճարպերն ավելի արագ են այրվում։
Կոկոսի ընկույզի յուղ. Կոկոսի յուղի գործածությունը նպաստում է որովայնի հատվածում ճարպերի մակարդակի նվազմանը։
Յուղոտ ձկնատեսակներ. Յուղոտ ձկնատեսակների շարքին են դասվում սաղմոնները, սարդինաները, տառեխը և սկումբրիան. դրանք հագեցնում են օրգանիզմն օմեգա-3 ճարպաթթուներով ու սպիտակուցներով, ինչը դրական ազդեցություն է ունենում նյութափոխանակության վրա և ճնշում ախորժակը։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։