21/02/2023 19:08
Աննա Վարդապետյանը Ռուսաստանի դեսպանի հետ է հանդիպել
ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը փետրվարի 21-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին, տեղեկացնում են դատախազությունից։
Աննա Վարդապետյանը ողջունել է դեսպանին և վերահաստատել նախորդ տարեվերջին ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի հետ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները՝ ուղղված կոռուպցիայի, փողերի լվացման, անդրազգային հանցագործությունների դեմ պայքարին:
Դեսպան Կոպիրկինը շնորհակալություն է հայտնել ՀՀ գլխավոր դատախազին ընդունելության համար և դեսպանատան պատրաստակամությունն է հայտնել՝ աջակցելու վերը նշված ուղղություններով փոխգործակցությունը զարգացնելուն:
Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ Հայաստանում տեղի ունեցող գործընթացներին և շեշտել է, որ կոռուպցիոն հանցագործություններում ներգրավված անձանց նկատմամբ արդարադատությունը գործելու է՝ անկախ անձերից:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են իրավական փոխօգնությանը վերաբերող մի շարք հարցեր»,- նշված է գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունում: