21/02/2023 12:25
Գրիգորի Խաչատուրովը ձերբակալվել է երեկ՝ 20:10-ի սահմաններում. ո՛չ սնունդ է ստացել, ո՛չ անհրաժեշտ դեղերը. Փաստաբան
Գեներալ Գրիգորի Խաչատուրովը ձերբակալվել է երեկ՝ ժամը 20:10-ի սահմաններում, լրագրողներին այս մասին ասաց Խաչատուրովի փաստաբան Հակոբ Ենոքյանը:
Միջնորդություն է ներկայացվել դատարան, որպեսզի խափանման միջոց ընտրվի կալանքը:
Փաստաբանը հաստատեց, որ Խաչատորովն անցնում է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի գործով:
«Գործերը միացրել են իրար, մեղադրանքն առնչվում է փողերի լվացմանը, բայց կոնկրետ ԱԺ-ում հնչած միջնորդությամբ նշված դեպքի հանգամանքների հետ որևէ առնչություն չունի, այսինքն` պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ պատճառված վնասի մասին Է խոսքը, իսկ Խաչատուրովի դեպքում խոսքը գնում է այդ օտարված գույքերից մեկը ձեռք բերելու մասին, ինչը որակվել է որպես փողերի լվացում»,- ասաց Ենոքյանը:
Նրա խոսքով՝ այս գործը վաղեմության ժամկետ ունի։
«Ըստ մեղադրանքի՝ այն 14 տարի ու մի քանի օր առաջ տեղի ունեցած իրադարձություն է, տվյալ դեպքում գործի վաղեմության ժամկետը 15 տարի է»,- նշեց փաստաբանը:
Ըստ դատախազության հաղորդագրության` Էդգար Արշակյանը, ով գնել է հողատարածքը, Գրիգորի Խաչատուրովին փոխկապակցված անձ է, հարցին, թե ի՞նչ կապ կա Խաչատուրովի ու Արշակյանի միջև՝ փաստաբանն արձագանքեց. «Խաչատուրովի հետ առնչություն ունի այնքանով, որ ընկերական հարաբերությունների մեջ են, բայց Գրիգորի Խաչատուրովը որևէ առնչություն չունի այդ գույքը ձեռք բերելու հետ»:
Գեներալ Խաչատուրովի փաստաբանը նշեց, որ երեկվանց հնարավոր չի եղել Խաչատուրովին փոխանցել դեղերը, սնունդ:
«Ըստ էության, ո՛չ սնունդ է ստացել, ո՛չ անհրաժեշտ դեղերը»,- ասաց նա:
Փաստաբանը դիմել է ՄԻՊ գրասենյակ:
Հիշեցնենք՝ Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ պաշտոնեական դիրքի օգտագործմամբ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքն օրինականացնելու (փողերի լվացում) հատկանիշներով: Նրան մեղադրանք է ներկայացվել, քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին:
Նկատենք, որ, ըստ դատախազության, գործարքի առարկան չգործող զորամասի տարածքն է, որը պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի պաշտոնավարման տարիներին, իբր, վաճառվել է Գրիգորի Խաչատուրովին, ինչը ձեւակերպվել է երրորդ անձի անվամբ։