21/02/2023 16:21
Մեր ողջ քաղաքական էլիտան թուրք-ադրբեջանական օրակարգերի հարթության մեջ է. Դավիթ Շահնազարյան (Տեսանյութ)
Մյունխենում Հայաստանի շահերը ներկայացնող ես չտեսա, ավելին՝ Ադրբեջանի բոլոր մեղադրանքները Նիկոլ Փաշինյանն ընդունեց, Aysor.am-ի «Հարցեր կան» հաղորդմանն ասել է 1992-1995 թթ. ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան, Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Դավիթ Շահնազարյանը։
«Ցավալին այն է, որ մեր գրեթե ողջ քաղաքական էլիտան համաձայն է իշխանության կործանարար քաղաքականությանը։ Ծանր փուլում ենք. այսպիսի փուլ երևի ցեղասպանությունից հետո մեզ համար չէր եղել. ողջ քաղաքական էլիտան թուրք-ադրբեջանական օրակարգերի հարթության մեջ է», - նշեց նա։
Դավիթ Շահնազարյանը ծանրագույն վիճակի ելք համարում է բոլոր տեսակի բանակցությունները դադարեցնելը և պայքարի օրակարգ ձևավորելը. «Ընդդիմության խնդիրը ոչ թե միայն իշխանության գալն է, այլ նաև իշխանությանը պարտադրել իրականացնել ազգային, պետական շահերից բխող քաղաքականություն»։
Դավիթ Շահնազարյանի գնահատմամբ, ընդդիմության քաղաքականության հետևանքով գործող իշխանությունը ամրապնդվել է, կանաչ լույս ստացել բոլոր ուղղություններով՝ իրականացնելու բոլոր այն ծրագրերը, ինչի համար 2018 թվականին եկել են իշխանության։ Ըստ Շահնազարյանի՝ իշխանությունը զավթել են աշխարհաքաղաքական կոնսենսուսի արդյունքում, որի մաս եղել է նաև Ռուսաստանը, որ մինչև այսօր երկու ձեռքով պաշտպանում է այս իշխանությանը։