21/02/2023 17:20
Այս իշխանությունն ամեն ինչ անում է, որ հայը ողջ աշխարհում իրեն ստորացված զգա. Դավիթ Շահնազարյան (Տեսանյութ)
Իշխանությանը թվացել է, թե հաջողվել է փակել է Արցախի էջը։ Նիկոլ Փաշինյանին, Ալիևին, Թուրքիային, Ադրբեջանին չի հաջողվելու փակել Արցախի էջը։ Հանցագործները գիտեն՝ դիակները ամենալավ թաքցնելու տեղը նոր դիակների տակ է. այս իշխանությունն էլ իր բոլոր հակահայկական, հակաարցախյան գործողությունները ծածկում է նոր նմանատիպ գործողություններով, Aysor.am-ի «Հարցեր կան» հաղորդմանն ասել է 1992-1995 թթ. ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան, Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Դավիթ Շահնազարյանը։
Ըստ Շահնազարյանի՝ արդեն տեղի են ունեցել անդառնալի կորուստներ, բայց ամեն ինչ կորած չէ, եթե պայքարի որոշում կայացվի։
Դավիթ Շահնազարյանի գնահատմամբ՝ սխալ է ժողովրդին այս կամ այն հարցում մեղադրելը. աշխարհի ոչ մի երկրում ժողովուրդը ոչինչ չի որոշել։
«2018 թվականին, երբ այսօրվա վարչապետը դեռ փողոցում էր, զանգեցի Շարմազանովին, ասացի՝ սա հակաարցախյան շարժում է, ասեք՝ ինչ կարող եմ անել։ Ես դեռ 2018 թվականին իրավապահ համակարգին ահազանգել եմ՝ այս իշխանության գործողություններում պետական դավաճանության տարրեր կան։ Ամեն բանակցությունից հետո Փաշինյանը նոր փաստարկ է տվել Ալիևին՝ լեգիտիմացնելու Հայաստանի, Արցախի դեմ ռազմական գործողությունները», - ասել է նա։
Դավիթ Շահնազարյանի գնահատմամբ՝ խնդիրը ոչ միայն պարտությունն է, այլ նաև ստորացումը. իշխանությունն ամեն ինչ անում է, որ հայը ողջ աշխարհում իրեն ստորացված զգա։
«Երիտասարդ տարիներին քննարկում էինք՝ ինչպես եղավ, որ տեղի ունեցան 1915 թվականի ոճրագործությունները, ինչու լուրջ դիմադրություն չեղավ, այ այսպես եղավ. երբ էլիտաներն անձնական շահերը շատ ավելի բարձր են դասում, քան պետական, ազգային շահերը», - նշեց նա։