21/02/2023 13:12
ՔՊ-ն գենետիկորեն ատում է բանակը. Նիկոլ Փաշինյանը կուլ չի տալիս Գրիգորի Խաչատուրովի հայտնի ստորագրությունը. Գեղամ Մանուկյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի գնահատմամբ՝ Գրիգորի Խաչատուրովի ձերբակալությունը 2018 թվականից մեկնարկած Հայաստանի զինված ուժերի ու բանակի դեմ հարձակումների, քաղաքական հետապնդումների տրամաբանության մեջ է:
Նրա խոսքով՝ իշխանությունը սեփական հանցանքներն ու մեղքերը քողարկելու համար փորձում է թիրախավորել հանրության համար հարգելի անձանց՝ նախկին զինվորականների, տարբեր գործիչների:
«Խորքային պատճառ կա: ՔՊ-ն գենետիկորեն ատում է բանակը: Այս քաղաքական ուժի շատ ներկայացուցիչներ իշխանության գալուց առաջ էլ տարիներ շարունակ պայքարել են բանակի դեմ: Այսօր մեր երկիրը անվտանգության խնդիր ունի, որովհետև Անվտանգության խորհրդի քարտուղարը բանակի դեմ տարբեր ձևերով տարիներ շարունակ պայքար մղած անձ է: ԱԺ-ում բազմել են շատերը, որոնք տարիներ շարունակ բանակի դեմ են պայքարել, ծաղրել են ազգ-բանակ գաղափարը, հայրենասիրությունը, ազգային գաղափարախոսության գաղափարը», - լրագրողների հետ զրույցում հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը:
Դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանն է Գրիգորի Խաչատուրովին գեներալի կոչում շնորհել, ի՞նչ պատահեց, որ հիմա նրա նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ Մանուկյանն արձագանքեց. «Սրանց համար երկրի կառավարումը գործնագործ խաղալ է, ռեզին խաղալ է, իրենց պատկերացումը սա է, որովհետև նույնիսկ զինվորական կոչում շնորհելը, որ վերապահված է ՀՀ նախագահին, Նիկոլ Փաշինյանը շտապում էր ստատուս գրել, որից հետո լինում էր նախագահի հրամանագիրը: Ինչ վերաբերում է «Մարտական խաչ» շնորհելուն, դա առանձին պատմություն է: Ի վերջո, եղել են տավուշյան գործողությունները, որի համար մարդիկ պետք է պարգևատրվեին»:
«Հայաստան» խմբակցության պատգամավորի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը կուլ չի տալիս Գրիգորի Խաչատուրովի հայտնի ստորագրությունը, կուլ չի տալիս հստակ դիրքորոշումն ու կեցվածքները, նաև՝ Խաչատուրով ընտանիքի քաղաքական կեցվածքը:
«Փոքրոգի մարդկանց բնորոշ հատկանիշ է, որ կանգ չեն առնում որևէ կարմիր գծի առաջ ու կարող են ոտնատակ տալ ամեն ինչ», - հավելեց նա:
Նշենք, որ Հակակառուպցիոն դատարանում քննվում է գեներալ Խաչատուրովին կալանավորելու հարցը:
Հիշեցնենք՝ Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ պաշտոնեական դիրքի օգտագործմամբ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքն օրինականացնելու (փողերի լվացում) հատկանիշներով: Նրան մեղադրանք է ներկայացվել, քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին:
Նկատենք, որ, ըստ դատախազության, գործարքի առարկան չգործող զորամասի տարածքն է, որը պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի պաշտոնավարման տարիներին, իբր, վաճառվել է Գրիգորի Խաչատուրովին, ինչը ձեւակերպվել է երրորդ անձի անվամբ։
Լրահոս
Տվյալ բաժնի վերջին նյութերը
Այսօր, 10:24