21/02/2023 16:32
ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն իր հավատարմագրերը հանձնել է Վահագն Խաչատուրյանին
Այսօր դեսպան Քրիստինա Քվինն իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին։
«Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան լինելը առանձնահատուկ պատիվ է ինձ համար։ Միացյալ Նահանգները խիստ արժևորում է ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա խարսխված գործընկերությունը Հայաստանի հետ։ Ակնկալում եմ սերտորեն աշխատել Հայաստանի կառավարության հետ երկկողմ հարաբերությունների խորացման ուղղությամբ և աջակցել Հայաստանի և հարավկովկասյան տարածաշրջանի խաղաղ ու բարեկեցիկ ապագայի խթանմանն ուղղված ջանքերին», - ասել է դեսպան Քվինը։
Մինչ Հայաստան ժամանելը դեսպան Քվինը 2019-22թթ․ եղել է ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը և ԱՄՆ փոխդեսպանը Կիևում։
Մինչ այդ նա տնտեսական հարցերով նախարար-խորհրդական էր Փարիզի ԱՄՆ դեսպանությունում, փոխդեսպանի պաշտոնակատար և տնտեսական հարցերով խորհրդական Բանգկոկի ԱՄՆ դեսպանությունում, տնտեսական հարցերով խորհրդական Լոնդոնի ԱՄՆ դեսպանությունում, ԵՄ-ի, Ուկրաինայի և Բելառուսի բաժնի ղեկավար Ազգային անվտանգության խորհրդում։ Դեսպան Քվինը նաև աշխատել է Մոսկվայի ԱՄՆ դեսպանությունում, Բրյուսելում՝ Եվրամիության ԱՄՆ առաքելությունում, Մանիլայի ԱՄՆ դեսպանությունում, իսկ մայրաքաղաք Վաշինգտոնում նա զբաղվել է Եվրամիության և Սլովենիայի հետ երկկողմ հարաբերությունների հարցերով։
Դեսպան Քվինը ծնունդով Կալիֆորնիայի նահանգից է, ուսանել է Օքսիդենթալ քոլեջում՝ ստանալով բակալավրի կոչում, ապա ռազմավարական հետազոտությունների մագիստրոսի կոչում է ստացել ԱՄՆ ցամաքային ուժերի պատերազմի քոլեջում: