21/02/2023 12:00
Նույնիսկ շրջափակման պայմաններում Արցախում ապրելու «բանաձևը» սովորեցնում է լինել անկախ ու ազատ. Մոսկվայից Արցախ տեղափոխված Մերին արդեն 5 ամիս է՝ Արցախում է
Մերի Ասատրյանը Մոսկվայից Ստեփանակերտ է տեղափոխվել «Ի գործ» ծրագրի շրջանակում: Արդեն 5 ամիս է, աշխատում է ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում: Կյանքի այս փուլում կայացրած որոշումը ճակատագրական ու վճռորոշ է համարում: Ունեցած գիտելիքներն ու փորձն էլ, համոզված է, կաշխատեցնի՝ «Ի գործ» Արցախի:
Արցախ տեղափոխվելու որոշումը պլանավորված էր
Ես ծնվել ու մեծացել եմ Մոսկվայում, հետագայում սովորել եմ Եվրոպայում: Ուսումս ավարտելուց հետո վերադարձել եմ Մոսկվա՝ ծնողներիս մոտ, սակայն քանի որ արմատներս Մուշից էին, միշտ ուզում էի վերադառնալ Հայաստան: 2020 թ. ամռանը վերադարձա Հայաստան, ու սեպտեմբերին սկսվեց պատերազմը Արցախում: Հենց այդ տարին էլ դարձավ ճակատագրական, և պատերազմը իմ փոխարեն որոշեց ամեն ինչ:
Որոշեցի տեղափոխվել Արցախ, քանի որ իմ ներկայությունն այստեղ պետք է: Հարազատներս ու ընկերներս հարցնում էին՝ հիմա և ո՞վ է գնում Արցախ, քանի որ այնտեղ դժվար է, մարդիկ այնտեղից դուրս են գալիս, իսկ դու ուզում ես գնալ Արցախ: Ես միշտ ասում էի, լավ երբ պետք է գնանք, եթե ոչ հիմա: Այդպես սկսեցի փնտրել ծրագիր, որի շնորհիվ կկարողանայի գալ Արցախ: Ինձ համար այդ պահին այդքան էլ էական չէր աշխատանքը կամ էլ պաշտոնը, ավելի կարևոր էր այստեղ հասնելը: 2 տարի փորձում էի, ու այդպես «Ի գործ» ծրագրի մասին իմանալով, դիմեցի, բայց աշխատավայրը պարտադիր ընտրել էի Արցախը: Շատ հստակ ու մտածված որոշում էի կայացրել: Պլանավորված 2 տարվա ընթացքում ուղիս ինձ բերեց Արցախ:
«Ի գործ»՝ հանուն Արցախի
Արդեն 5 ամիս է աշխատում եմ ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում և հանդիսանում եմ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի օգնականը: Ներգրավված եմ նաև արտաքին և հանրային կապերի բաժնում: Աշխատանքս միտված է միջազգային հանրության իրազեկմանը, և բավականին գոհ եմ, քանի որ սպասելիքներս արդարացվել են: Ուրախ եմ, որ իմ գիտելիքներն ու հմտությունները կարող եմ բանեցնել «Ի գործ» Արցախի:
Արցախն ընդունել եմ այնպես, ինչպես կա
Իրականում ես հետևում էի Արցախում տեղի ունեցող բոլոր իրադարձություններին, մանավանդ՝ վերջին 2 տարվա ընթացքում: Ու Արցախի հետ վերապրում էի այդ ամենը: Օրինակ՝ 2022 թ.-ի գարնանը երբ առաջին անգամ Ադրբեջանի կողմից անջատվեց Արցախի գազամատակարարումը: Կարելի է ասել, երբ որոշում էի կայացրել, քաջ գիտակցում էի՝ ուր եմ գնում և չունեի իլյուզիաներ: Ես Արցախն ընդունել եմ այնպես, ինչպես կա: Եվ ինքս ինձ հետ համաձայնել էի, որ կարող է լինեն դեպքեր, երբ պետք է հարմարվել ինչ-որ պայմանների: Ու երբ շրջափակումը սկսվեց, ինձ մոտ խուճապ չկար, քանի որ 2022 թվականի օգոոստոսին, երբ Բերձոր քաղաքն ու հարակից գյուղերը հանձնվեցին և այդ օրերին իրավիճակը լարված էր, արդեն այդ ժամանակից մարդիկ պատկերացում ունեին, որ ձմռանը, նոր ճանապարհի հետ կապված, կարող են խնդիրներ ի հայտ գալ: Իհարկե, հովհարային անջատումները, գազամատակարարման խափանումները դժվարացնում են իրավիճակը, բայց ի զարմանս ինձ, շատ թեթև եմ տանում այս իրավիճակը, քանի որ ինձ մոտ այն տպավորությունն է, որ ես նմանատիպ մի կյանք արդեն ապրել եմ: Ու հիմա ես հասկացա, թե Արցախ տեղափոխվելու իմ որոշումը ինչքան կարևոր ու տեղին էր, քանի որ այն, որ Արցախում ապրելու մեր գոյության համար, մենք այսօր դեռ պայքարում ենք, ուրեմն իմ քայլը արդարացված է: Եվ ես կցանկանայի, որ ամբողջ աշխարհից հայեր գան ու այստեղ ապրելը դիտարկեն՝ որպես Արցախը հայկական պահելու միջոց:
Արցախում ապրելու «բանաձևը» լինել անկախ ու ազատ
«Ի գործ» ծրագիրը տևում է 1 տարի, սակայն մեծ հաճույքով ավելի երկար կմնամ այստեղ, քանի որ ես ինձ տեսնում եմ Արցախում: Տեղափոխվելուց ես ոչ մի ծանոթ չեմ ունեցել, բայց հիմա ունեմ շատ ընկերներ և հարազատներ:
Արցախում ապրելու «բանաձևը» սովորեցնում է լինել ամեն ինչից անկախ ու ազատ: Նույնիսկ շրջափակման պայմաններում, անկախ բոլոր վախերից ու մտահոգություններից, այստեղ ապրելով, ձևավորվում է բացարձակ ազատություն, ու սովորես դասավորել կյանքդ այնպես, որ ինչ-որ պայմանների առկայությունը կամ բացակայությունը չազդի քո հոգեվիճակի ու տրամադրության վրա: Ես շնորհակալ եմ Արցախին, որ ինձ սովորեցնում է, թե որոնք են իրական արժեքները: