21/02/2023 10:34
«Հրապարակ». Հանրության շրջանում ձևավորված դժգոհությունն ու միմյանց նկատմամբ անվստահության մթնոլորտը Արցախում շարունակում են պահպանվել
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 23-ին ուղերձ է հղելու․ «2020 թ. նոյեմբերի 9-ից հետո Արցախի Հանրապետության առջև ծառացած կարևորագույն հրամայականներից էր ներքին համերաշխության ու միասնականության ապահովումը՝ երկրում առաջացած խնդիրներն արժանապատվորեն և անցնցում հաղթահարելու համար:
Այդուհանդերձ, հանրության շրջանում ձևավորված դժգոհությունն ու միմյանց նկատմամբ անվստահության մթնոլորտը դեռևս շարունակում են պահպանվել, ինչը պարտադրում է իշխանություններին՝ հավելյալ քայլեր ձեռնարկել արցախյան ներքին կյանքի կայունությունն ու տևական խաղաղությունն ապահովելու ուղղությամբ»:
Տեղեկություններ կան, որ հինգշաբթի օրը Հարությունյանը կհայտարարի Ռուբեն Վարդանյանին պետնախարարի պաշտոնից ազատելու մասին: Հիշեցնենք, որ Վարդանյանն ավելի վաղ ասել էր, որ հրաժարական չի տալու, ուստի որոշվել է, որ նա պաշտոնից կհեռացվի ԱՀ նախագահի հրամանագրով, սակայն ոչ թե կոնֆլիկտի, այլ փոխհամաձայնության արդյունքում: Ավելին` Վարդանյանը պատրաստվում է մնալ Արցախում և օգնել տարբեր խնդիրների լուծման հարցում:
Պետնախարար կնշանակվի Արցախի դատախազ Գուրգեն Ներսիսյանը, ում ոմանք կապում են սորոսական շրջանակների հետ` մատնացույց անելով նրա կենսագրության մեջ առկա իրավապաշտպան գործունեությունը` 2020 թ. հուլիսից մինչև 2021թ․ փետրվար: Ոմանք էլ շեշտում են նրա ջերմ հարաբերությունները Դանիել Իոաննիսյանի հետ:
Մեզ ասացին, որ այդ հարաբերությունները ձևավորվել են գործի բերումով` 2020 թ. ապրիլի 14-ին Արցախի նախագահական ընտրությունների շրջանից, երբ Իոաննիսյանը, նաև ՀՀ պետբյուջեից ստացած գրանտով, իրականացնում էր Արցախի ընտրությունների դիտարկումը։ Արցախի դատախազի հանձնարարությամբ դիտորդների հետ աշխատել է ավագ դատախազ Գուրգեն Ներսիսյանը»։