21/02/2023 09:41
«Հրապարակ». Վահագն Խաչատուրյանը շարունակում է իր դեկորատիվ գոյությունը՝ այդ բարձր պաշտոնում
«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀ հինգերորդ նախագահ Վահագն Խաչատուրյանը շարունակում է իր դեկորատիվ գոյությունն այդ բարձր պաշտոնում՝ անհաղորդ երկրի կյանքին։ Խաչատուրյանն անգամ ուղերձ չհղեց Արցախյան շարժման 35-ամյակի առթիվ, իսկ նախկին երեք նախագահները, բացառությամբ առաջինի, անգամ Նիկոլ Փաշինյանը, որ նախօրեին Մյունխենում չէր հակադարձել Ալիևի ցինիկ հայտարարությանը, թե «Լեռնային Ղարաբաղ» գոյություն չունի, ուղերձներ հղեցին։
Փաշինյանն ասաց, որ շարունակելու է Արցախի հայության իրավունքների ու անվտանգության պաշտպանության մեխանիզմների ձևավորմանն ուղղված քայլերը։ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանն ասաց․ «Հայաստանի իշխող վարչախումբը շարունակում է հետևողականորեն արժեզրկել հայ ժողովրդի արդար պայքարը, միտումնավոր վարկաբեկում է հաղթանակած հերոսներին և շարունակաբար թուլացնում հայկական բանակը»: ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանն առաջարկեց 35 տարի անց թերթել արցախյան շարժման ֆոտոալբոմը։ Իսկ Ռոբերտ Քոչարյանը 1988թ. փետրվարի 20-ին Ստեփանակերտի կենտրոնական հրապարակից սկիզբ առած իրադարձությունների լուսանկար էր հրապարակել՝ գրելով. «Մեր նորագույն պատմության փառավոր էջ, մեր պետականության ապագայի ուղենիշ»»։