22/02/2023 21:35
Ինչի՞ց է առաջանում «ականջի սոսինձ» երևույթը և ինչպե՞ս այն կանխարգելել
Ականջի սոսինձ կոչվող երևույթը բավականին տարածված է՝ հատկապես երեխաների շրջանում․ վիճակն առաջանում է, երբ միջին ականջում առկա բորբոքային հեղուկը խտանում է, դառնում է մածուցիկ և կպչուն՝ նմանվելով սոսնձանման զանգվածի:
Ականջի սոսինձը հաճախ առաջանում է ականջի վարակների կրկնման և միջին ականջի բորբոքման (միջին օտիտ) քրոնիկացման պատճառով։ Այն կարող է բացասաբար ազդել լսողության վրա և բերել այլ խնդիրների:
Ականջի սոսինձը երեխաների մոտ տարածված վիճակ է: Այն կարող է շարունակվել շաբաթներ կամ ամիսներ՝ հաճախ վնաս տալով լսողությանը, խոսքի զարգացմանը, ուսուցման ունակություններին և վարքագծերին:
Ականջի սոսինձը կարող է զարգանալ միջին ականջից մինչև քթըմպան ձգվող բարակ խողովակի՝ եվստախյան փողի, խցանման պատճառով: Երբ հեղուկը մնում է այստեղ կամ փողում, խտանում և դառնում է մածուցիկ՝ վերածվելով կպչուն «սոսնձի»: Սա հաճախ հանդիպում է ընդհանուր մրսածությունից հետո (վերին շնչուղիների վիրուսային վարակ):
Ականջի սոսինձ կարող է առաջանալ նաև միջին ականջի կրկնվող վարակներից հետո (միջին օտիտ): Եթե երեխաներն ապրում են ծխող հարազատների միջավայրում, նրանց մոտ սոսնձի առաջացման հավանականությունը բարձրացնում է: Երկար ժամանակ ծծակի օգտագործումը կարող է վատթարացնել իրավիճակը:
Ականջում սոսինձ առաջանալիս հաճախ որևէ ակնհայտ գանգատ կամ նշան չի զարգանում: Ուստի երեխաների ականջների կանոնավոր զննումը կարող է օգտակար լինել՝ հայտնաբերելու դեռևս չբարդացած այս վիճակը:
Ականջում սոսնձի առկայությունը կարող է առաջացնել`
լսողության հետ կապված խնդիրներ (օրինակ՝ ստիպված հեռուստացույցի ձայնը բարձրացնելը),
հավասարակշռության խախտում,
քնի խանգարումներ,
ականջներում ճնշման, փակվածության զգացում կամ ցավեր,
դյուրագրգռություն:
Եթե առկա է այս նշաններից մեկնումեկը, անհրաժեշտ է այցելել քիթ-կոկորդ-ականջաբանի:
Ականջի սոսինձը հեշտ ախտորոշվող վիճակ է: Բժիշկը կարող է տեսնել այն՝ օտոսկոպի միջոցով զննելով արտաքին լսողական անցուղիները: Որոշ դեպքերում կարող է առաջարկվել նաև լսողության ստուգում:
Եթե բժիշկը հաստատում է ականջի մեջ սոսնձի առկայություն, կարող է առաջնորդվել «զննել և սպասել» սկզբունքով, քանի որ հաճախ սոսինձն ինքնուրույն անհետանում է: Եթե առկա է վարակ, ապա կարող են նշանակել հակաբիոտիկներ:
Եթե ունեք լսողության կորուստ, որը մի քանի ամսվա ընթացքում չի բարելավվում, բժիշկը կարող է առաջակել այլ բուժում՝ ուղղված եվստախյան փողի անցանելիության վերականգնմանը:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։