22/02/2023 20:02
Մասնակի կարմիրբջջային ապաճ. Ոսկրուղեղի փոխպատվաստումը՝ որպես բուժման եղանակ
Մասնակի կարմիրբջջային ապաճը հազվադեպ հանդիպող հիվանդություն է: Բնորոշվում է նորմոքրոմ տիպի սակավարյունությամբ, ռետիկուլոցիտների քանակի նվազումով և ոսկրուղեղում էրիթրոցիտային ծիլի ապաճով:
Հիվանդությունը կարող է լինել բջիջների ինքնաբերաբար առաջացած մուտացիաների կամ նրանց ժառանգական դեֆեկտների հետևանք, իսկ երբեմն կարող է զարգանալ առանց որևէ նախորդող պատճառի:
Հիվանդությունը կարող է զուգորդված լինել ուրցագեղձի հիվանդությունների՝ թիմոմաների, T-բջջային լեյկոզների և լիմֆոմաների, սուր վիրուսային հեպատիտի և այլ հիվանդությունների հետ: Այն կարող է զարգանալ նաև որոշ դեղորայքների ազդեցության հետևանքով:
Գոյություն ունեն հավաստի տվյալներ հիվանդության առաջացման համար վիրուսային հեպատիտի, պարոտիտի հարուցիչների ծագումնաբանական դերի վերաբերյալ: Տարբերում են հիվանդության բնածին ձևը՝ վաղ մանկական հասակում հազվադեպ հանդիպող Բլեկֆան-Դայմոնդի սակավարյունությունը:
Հիվանդությունը էրիթրոցիտների ուղղակի կամ նրանց էրիթրոպոետինակախյալ հասունացման ընկճման հետևանքն է: Հիվանդության ախտաբանության մեջ կարևոր դեր ունեն նաև իմունաբանական մեխանիզմները, ինչը ապացուցված է էրիթրոցիտների նախորդողներին ուղղված հակամարմինների բացահայտումով: Ենթադրվում է նաև էրիթրոցիտների նախորդողների ներքին դեֆեկտի առկայությունը:
Հիմնական կլինիկական դրսևորումներն են սակավարյունությունը և նրանով պայմանավորված հյուսվածքների թթվածնային քաղցը, ֆիզիկական աճի դադարը և սեռական հասունացման խանգարումը:
Հաճախակի դիտվում է լյարդի չափերի մեծացում: Վաղաժամ փոխներարկումային կախվածության առաջացման հետ մեկտեղ նկարագրվում են երկաթով գերհագեցվածություն և երկրորդային հեմոքրոմատոզով պայմանավորված բարդություններ:
Ոսկրուղեղի ընդհանուր բջջայնությունը փոփոխված չէ, երբեմն բարձրացած է երկաթ պարունակող բջիջների քանակները: Շիճուկային երկաթի քանակը սովորաբար լինում է բարձրացած:
Ախտորոշում կայացնելու նպատակով անհրաժեշտ հայտնաբերել հակամարմիններ էրիթրոկարիոցիտների նկատմամբ:
Երբեմն ավելի խորացված հետազոտությունների օգնությամբ կարելի է հանյտնաբերել այն հիվանդությունները, որոնք շաղկապված են լինում այս վիճակի հետ։ Բարդ դեպքերում ախտորոշումը ճիշտ կայացնելու համար օգտագործվում են բջջաչափման, իմունահիստոքիմիական, կորիզաբանական, մոլեկուլյարկենսաքիմիական հետազոտություններ:
Բուժման նպատակով օգտագործվում են հատուկ դեղորայք, իսկ արդյունքը գնահատվում է ռետիկուլոցիտների քանակի բարձրացումով: Հիվանդների բուժման ծրագրում օգտագործվում է նաև ոսկրուղեղի փոխպատվաստում։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։