22/02/2023 17:30
«Կառավարությունը գործարքն ապահովագրելու է ռիսկերից»․ ստորագրվեց Ամուլսարի հանքավայրի շահագործման հուշագիրը
ՀՀ կառավարության, Եվրասիական Զարգացման բանկի և «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերության միջև ստորագրվեց եռակողմ փոխըմբռնման հուշագիր, որը թույլ է տալիս շահագործել Ամուլսարի հանքավայրը։
ՀՀ կառավարության կողմից փաստաթուղթը ստորագրեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
«Այսօր ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր, որով կողմերն իրենց նպատակադրումներն են հայտնում՝ ներգրավելու 150 մլն ԱՄՆ դոլար՝ այս պայմանագրով, բայց այս պայմանագրից դուրս ևս մոտ 100 մլն դոլար է ներդրվելու՝ Ամուլսար հանքավայրի վերագործարկման ուղղությամբ։ Գումարը ծախսվելու է շինարարական աշխատանքներն ավարտին հասցնելու և անհրաժեշտ տեխնիկա ձեռք բերելու համար։
Կառավարությունը ստանալու է նոր ընկերության բաժնետոմսերի 12,5 տկոսը և դրա դիմաց չի վճարելու որևէ բան, բայց փոխարենը կատարելու է գործարքի՝ որոշակի ռիսկերից ապահովագրումը՝ որպես բաժնետեր։
Ազդակիր համայնքները, համաձայն այս պայմանավորվածության, ամեն տարի ստանալու են 7 մլն դոլարի աջակցություն «Լիդիան Արմենիա» ընկերության կողմից։ Եվրասիական Զարգացման բանկը ներդնելու է 100 մլն դոլար՝ որպես վարկային միջոցներ։ Եվս 50 մլն դոլար ապահովվելու է տեղական բանկի կողմից »,- ստորագրման արարողությունից հետո հայտարարեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։