22/02/2023 18:20
Որևէ օրենսդրական արգելք չկա, որ «Լիդիան Արմենիա»-ն Ամուլսարում իր գործունեությունն իրականացնի․ Թույլտվություններն ուներ մոտ 8 ամիս առաջ․ Վահան Քերոբյան
«Գնահատված է, որ Ամուլսարում «Լիդիան Արմենիա» ընկերության աշխատանքը Հայաստանի ՀՆԱ-ն ավելացնելու է մոտավորապես մեկ տոկոսով։ Դա բավականին բարձր ցուցանիշ է, և մենք իրավունք չունենք հրաժարվել այդպիսի հնարավորությունից»,- Ամուլսարի հանքավայրի շահագործումը թույլատրող հուշագրի ստորագրման արարողությունից հետո հայտարարեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Քերոբյանը հայտնեց՝ «Լիդիան Արմենիա» ընկերությունն այս պահին ունի բոլոր անհրաժեշտ թույլտվությունները՝ Ամուլսարում աշխատանքներն սկսելու համար։ Այդ թույլտվություններն, ինչպես նշեց Հայաստանի էկոնոմիկայի նախարարը, ընկերության ձեռքին էին դեռևս 8 ամիս առաջ։
«Այսինքն, որևէ օրենսդրական արգելք այս պահին չկա, որպեսզի ընկերությունն իր գործունեությունն իրականացնի։ Մոտ 8 ամիս առաջ արդեն որևիցե խոչընդոտ չկար, և ամբողջ աշխատանքը տարվում էր նոր ներդրողներ կամ նոր ֆինանսավորում ներգրավելու ուղղությամբ»,- ասաց Վահան Քերոբյանը։
Ինչ վերաբերում է բնապահապանական ռիսկերին, ապա, էկոնոմիկայի նախարարի խոսքով, բոլոր անհրաժեշտ ուսումնասիրությունները՝ ՀՀ օրենսդրությանը համապատասխան, իրականացված են ։
«Առաջնային է եղել այս ծրագրի գործարկումը, որը շատ կարևոր տնտեսական ազդեցություն ունի ՀՀ տնտեսության համար։ Ծրագիրը բավարարում է միջազգային ամենաբարձր ստանդարտներին, և հենց այդ ստանդարտների առկայությունը և այն բաժնետերերը, որոնք հավաքվել են այս ծրագիրն իրականացնելու համար, այն վերահսկողական ֆունցկիաները, որոնք պետությունը արդեն ձևավորել է և վստահ է այդ տեսչական, վերահսկողական ունակությունների վրա, թույլ են տալիս, որպեսզի մենք վստահ առաջ գնանք այս նախագծի իրականացման ընթացքում»,- ասաց Վահան Քերոբյանը։