22/02/2023 15:20
Լյուքսեմբուրգը Լաչինի միջանցքը փակելու ոչ մի պատճառ չի տեսնում․ ԱԳ նախարար Ժան Ասելբորն
Լյուքսեմբուրգը և եվրոպական գործընկերներն ադրբեջանական իշխանություններին կոչ են արել ապահովել ազատ և անվտանգ տեղաշարժի հնարավորությունը Լաչինի միջանցքով՝ համաձայն 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, ԱԳՆ-ում այսօր Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսին հայտարարեց պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության ԱԳ նախարար Ժան Ասելբորնը։
«Չեմ տեսնում ոչ մի պատճառ Լեռնային Ղարաբաղում ապրող մարդկանց համար միջանցքը փակելու։ Սա կապ է Հայաստանի հետ, և սա պետք է հարգել», - ասաց նախարարը։
Ինչ վերաբերում է Շառլ Միշելի միջնորդությամբ խաղաղության եռակողմ բանակցություններին՝ լյուքսեմբուրգցի նախարարն ասաց, թե դրանք կանգ են առել։
«Կցանկանայինք, որ դրանք շարունակվեն, որպեսզի կարողանանք ամուր և տևական խաղաղության համաձայնագրի հասնենք», - նշեց Ժան Ասելբորնը։