22/02/2023 14:32
Ադրբեջանի գործողությունների նպատակը հստակ է՝ ստեղծել այնպիսի անտանելի պայմաններ, որ ԼՂ-ի ժողովուրդը լքի իր պատմական հայրենիքը. Միրզոյան
Ադրբեջանը պետք է հրաժարվի իր առավելապաշտական մոտեցումներից, ռազմատենչ հռետորաբանությունից և ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ նկրտումներից և գա կառուցողական քննարկումների և բարեխիղճ բանակցությունների դաշտ, Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության ԱԳ նախարար Ժան Ասելբորնի հետ մամուլի ասուլիսին հայտարարեց արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
«Երկուսուկես ամիս հումանիտար ճգնաժամին զուգահեռ, Ադրբեջանը նաև էներգետիկ ճգնաժամ է հրահրել Լեռնային Ղարաբաղում։ Ձմեռային ցրտաշունչ պայմաններում Ադրբեջանի իշխանությունները բազմիցս միտումնավոր կերպով խափանել ու շարունակում են խափանել Հայաստանից ԼՂ գազի մատակարարումը, արգելափակված է էլեկտրական հոսանքի մատակարարումը», - ասաց Միրզոյանը։
Նա նշեց՝ Ադրբեջանի այս գործողությունների նպատակը հստակ է՝ ստեղծել այնպիսի անտանելի պայմաններ, որ ԼՂ-ի ժողովուրդը լքի իր պատմական հայրենիքը։
Նախարարի խոսքով՝ ԼՂ հայ բնակչության էթնիկ զտումը կանխելու համար առավել կարևոր են այս խնդրին միջազգային հանրության կողմից շարունակական ուշադրությունը և առարկայական գործողությունները։
«Կարևոր քայլերից ենք համարում հումանիտար իրավիճակը գնահատելու նպատակով ԼՂ և Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելության գործուղումը։ Կարևոր է նաև միջազգային հումանիտար կազմակերպությունների, այդ թվում՝ ՄԱԿ-ի մասնագիտացված մարմինների անարգել մուտքը Լեռնային Ղարաբաղ», - նշեց Արարատ Միրզոյանը։