22/02/2023 14:49
Լաչինի միջանցքի կարգավորումների վերաբանակցում ուժի գործադրման սպառնալիքով՝ մեզ համար ընդունելի չէ. ԱԳ նախարար (Տեսանյութ)
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ԱԳՆ-ում այսօր հայտարարեց, թե Ադրբեջանի նախագահի կողմից հնչել է Լաչինի միջանցքում և Հայաստանի սահմանին անցակետեր տեղադրելու գաղափարը։
«Բայց մեր պատասխանը հստակ է՝ Լաչինի միջանցքի կարգավորումները բանակցված են, ստորագրված են, այդ թվում՝ Ադրբեջանի նախագահի կողմից, ես խոսում եմ նոյեմբերի 9-ի փաստաթղթի մասին։ Լաչինի միջանցքի կարգավորումների վերաբանակցում ուժի գործադրման արդյունքում և նոր ուժի գործադրման սպառնալիքով՝ մեզ համար ընդունելի չէ և չի կարող ընդունելի լուծում լինել», - հայտարարեց Արարատ Միրզոյանը։
Ինչ վերաբերում է տարածաշրջանի մյուս ենթակառուցվածքների ապաշրջափակմանը՝ նախարարն ասաց, թե հայկական կողմի դիրքորոշումը նույնն է և շատ կառուցողական։
«Մենք կարող ենք րոպե առաջ ձեռնամուխ լինել այդ ճանապարհների ապաշրջափակմանն այն պահից սկսած, երբ մենք կընդունենք, որ այդ բոլոր ապաշրջափակվող ճանապարհները պետք է գործեն այն երկրների սուվերենության շրջանակներում և օրենսդրության ներքո, որոնց տարածքով անցնում են»։
Նախարարը ևս մեկ անգամ ընդգծեց՝ բացառում են ուժի կիրառմամբ եղած պայմանավորվածությունները փոխել կամ մի կողմի շահերի հաշվին նոր զիջումներ կորզելու քաղաքականությունը։