22/02/2023 21:08
Ռուս և բելառուս մարզիկների նկատմամբ սահմանված պատժամիջոցները չեղարկելու հարցը չի քննարկվում․ ՄՕԿ
Միջազգային օլիմպիական կոմիտեն չի քննարկում Ռուսաստանի կողմից Ուկրաինայում հատուկ գործողության անցկացման կապակցությամբ ռուս և բելառուս մարզիկների նկատմամբ սահմանված պատժամիջոցները մոտ ապագայում չեղարկելու հարցը, նշված է Ուկրաինայում հատուկ գործողության անցկացման մեկամյակի կապակցությամբ ՄՕԿ-ի տարածած հայտարարությունում։
«Պատժամիջոցները սահմանվել են 2022 թվականի փետրվարին, ապա ուժեղացվել են, ինչը հաստատվել է 2022 թվականի դեկտեմբերի 9-ին Օլիմպիական գագաթնաժողովի վերջին որոշմամբ։ Դրանք ուժի մեջ են մնում»,- նշված է ՄՕԿ-ի հաղորդագրությունում։
Նշենք, որ 2022-ի փետրվարին ՄՕԿ-ը միջազգային մրցաշարերից ռուս և բելառուս մարզիկների մասնակցությունը բացառելու հորդոր էր ուղղել միջազգային մարզական ֆեդերացիաներին, որոնց մեծ մասն ականջալուր էր եղել դրան։ ՄՕԿ-ը նաև որոշում էր ընդունել՝ չանցկացնել միջազգային մրցաշարեր Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի տարածքներում։